Թուրք նախարարն ասել է, թե Հարավային Կովկասի բոլոր խնդիրների կենտրոնում Հայաստանն է

11:10 • 13.03.15

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, թե Հայաստանը շարունակում է ջանքեր գործադրել՝ այլ երկրների կառավարությունների ու խորհրդարանների վրա ազդելու համար:

 

Ինչպես տեղեկացնում է թուրքական A Haber կայքը, Չավուշօղլուն դարձյալ մեղադրել է Հայաստանին՝ «Թուրքիայի պարզած բարեկամության ձեռքը չընդունելու համար»:

 

«Մենք բարեկամություն հաստատելու համար ձեռք ենք մեկնում, սակայն տգեղ ձևով մերժում են այն: Հարավային Կովկասում բոլոր խնդիրների կենտրոնում Հայաստանն է: Բոլոր հարևանների հետ խնդիրներ ունեցող երկիրը պետք է կանգ առնի և հետ նայի»,-ասել է Չավուշօղլուն:

 

Նա նշել է, որ Թուրքիայի հայերը, այլ համայնքների ներկայացուցիչների նման, եկեղեցիներ են հետ ստացել, սակայն Հայաստանը «շարունակում է պոպուլիստական մոտեցում ցուցաբերել»:

 

Թուրքիայի արտգործնախարարը նշել է, որ Հայաստանի ջանքերին ի պատասխան՝ Թուրքիան մշակութային, քաղաքական ու դիվանագիտական հարթակներում նախազգուշական քայլեր է ձեռնարկում:

 

«Ապրիլի 24-ին Չանաքքալեի մարտերին նվիրված միջոցառումների ընթացքում ողջ աշխարհին բարեկամության ու խաղաղության մեսիջ ենք հղելու»,- ասել է Չավուշօղլուն:

 

Անդրադառնալով Ապրիլի 24-ին ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ամենամյա ուղերձի հրապարակմանը՝ Չավուշօղլուն նշել է, որ հավանաբար Օբաման նախկինի նման արտահայտություններ է օգտագործելու և որ դրանից դուրս ասված խոսքերը թուրք-ամերիկյան հարաբերություններին լուրջ վնաս կարող են հասցնել: