Իրանի հետ ազատ առևտրային գոտու ստեղծման վերաբերյալ նախագիծ է դրվել շրջանառության մեջ. Արծվիկ Մինասյան

14:07 • 25.08.16

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին ձեռք է բերել պայմանավորվածություն Իրանի հետ ազատ առևտրային գոտու ստեղծման շուրջ:

Այս մասին այսօր կառավարությունում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը:

«Իրանի հետ ազատ առևտրային գոտու ստեղծման գաղափարը եղել է վաղուց, սակայն այն արձանագրված չի եղել:Վարչապետի վերջին այցի ընթացքում ձեռք է բերվել պայմանավորվածություն Իրանի հետ ազատ առևտրային գոտու ստեղծման շուրջ: Սա կարևոր է, որովհետև այն հնարավորություն կտա ապրանքների արտադրության և ծառայությունների մատուցման առումով լավ հարաբերություն ստեղծել, թե՛ Իրան-ԵԱՏՄ, թե՛ նաև այստեղ արտադրված ապրանքների արտահանման առումով տարբեր երկրներ՝ օգտվելով այն առևտրային ռեժիմներից, որ Հայաստանն ունի Եվրոպայի, ԱՄՆ-ի, Կանադայի հետ և այլ երկրների հետ»,-ասաց նախարարը:

Հարցին, թե արդեն կա՞ ԵԱՏՄ-ի հանձնաժողովի ու Իրանի հետ համաձայնություն՝ կապված ազատ առևտրային գոտու ստեղծման հետ, Արծվիկ Մինասյանն ասաց,որ այդ համաձայնությունը ձեռք է բերվել ՀՀ վարչապետի առաջարկության հիման վրա, իսկ այժմ Հայաստանի հիմնական խնդիրը օրենսդրական ապահովվածություն ունենալն է. «Դրա համար ներկայումս շրջանառության մեջ է դրված ազատ առևտրի գոտու ստեղծման մի նախագիծ, որը համաձայնությունների փուլում է, և առաջիկայում ավելի կդյուրացվեն թե՛ ուղղությունները, թե՛ նպատակադրումները»:

Իրանի և ԵԱՏՄ-ի հանձնաժողովի միջև համաձայնության ձեռքբերման վերաբերյալ Արծվիկ Մինասյանն ասաց, որ դա առաջին հերթին պետք է բխի Հայաստանի և Իրանի կողմից նախաձեռնություններով, իսկ Հայաստանի կողմից այս նախաձեռնությունը կա:

Հարցին, թե ազատ առևտրային գոտու վերաբերյալ կա՞ պայմանավորվածություն Իրանի հետ, Արծվիկ Մինասյանն ասաց, որ եթե պայմանավորվածություն է ձեռք բերվել ԵԱՏՄ-ում, հետևաբար նախապես այդ համաձայնությունը եղել է Իրանի հետ:

Արծվիկ Մինասյանն ասաց, որ գոտու ստեղծման ժամկետը կդժվարանա նշել,սակայն այժմ ցանկություն կա առավելագույն ազատություն հաղորդել, որովհետև այս գոտին լինելու է արտադրության կազմակերպման և բարձրարժեք ծառայությունների մատուցման համար:

Հարցին,թե Հայաստանը կունենա՞ հնարավորություն Ռուսաստանից անկախ ազատ առևտրային գոտի ունենալ Իրանի հետ, Արծվիկ Մինասյանն ասաց, որ այդ կարգավիճակն ի սկզբանե Հայաստանի համար համարվում է տրված, հավելյալ նոր փաստաթղթի ստորագրում Իրանի և ԵԱՏՄ-ի միջև չի նախատեսվում այս առումով, և դրա կարիքն էլ չկա:

 

Իրանի հետ ազատ առևտրային գոտու ստեղծման վերաբերյալ նախագիծ է դրվել շրջանառության մեջ. Արծվիկ Մինասյան