«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Սքոուլզը կարծիք է հայտնել, որ «Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն չի կարողանում ազդել մրցավարների վրա.
«Զարմանալի չէ, որ սըր Ալեքս Ֆերգյուսոնի հեռանալուց հետո Ժոզե Մոուրինյոն, ով Պրեմիեր լիգայի ամենահաջողակ մարզիչն է, փորձում է ազդել նրանց վրա, ովքեր որոշումներ են ընդունում` մրցավարներից մինչեւ Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիա: Ուղղակի խնդիրը կայանում է նրանում, որ դա նրան չի հաջողվում:
Բոլոր առաջատար մարզիչներն էլ փորձում են ազդել: Մոուրինյոն իր թիմի համար է ջանում, եւ ես հասկանում եմ, թե ինչու է նա դա անում, սակայն մրցավարները չեն ենթարկվում նրա ճնշմանը: Նրանց դուր չի գալիս, երբ ինչ-որ մեկն իրենց ուղղություն է ցույց տալիս:
Կարծում եմ, որ շատ մրցավարներ ցանկանում էին դուր գալ Ֆերգյուսոնին: Նրանք ցանկանում էին խուսափել սխալներից` սպասարկելով «Մանչեսթեր Յունայթեդի» տնային հանդիպումները եւ փորձում էին առանց վրիպումների գործել: Չգիտեմ, թե ինչ ռեակցիա է Մոուրինյոն սպասում մրցավարներից` նման արտահայտություններ անելով: Եթե նա հույս ունի, որ նրանք առավել հաճախ որոշումները կկայացնեն «Չելսիի» օգտին, ապա դա այդպես չի»,- գրել է Սքոուլզն «Independent»-ի իր սյունակում: