«15 տարեկանից աշխատել եմ»․ 37-ամյա Նազենի Հովհաննիսյանի անկեղծ զրույցը՝ ընտանիքի, մայրանալու ցանկության, անձնականը փակ պահելու պատճառի ու մենակ ապրելու մասին
EXCLUSIVE
«Մարդ իր կողքինին միշտ պետք է բարձրացնի. դրանով միայն ավելի կբարձրանա»․ իր հարցազրույցներից մեկում դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանն այս արտահայտությունն արել է, երբ դեռ 22 տարեկան էր: Օրերս նա դարձավ 37 տարեկան, ինչի առթիվ Tert.am Life-ը նրա հետ անկեղծ զրույց է ունեցել:
Խոսակցության տարբեր փուլերում հաճախ էի մտաբերում տարիներ առաջ Նազենիի հնչեցրած այս միտքը, երբ հերթը հասնում էր, օրինակ, ուժին, կանացիությանը, առաջ գնալու կարողությանը, ու դերասանուհին անմիջապես հիշատակում էր մայրիկին, քույրերին, հայրիկին․․․ Նա սովոր է մեծարել իր կողքին կանգնած մարդկանց, միաժամանակ, առանց ավելորդ պաթոսի խոսում է, որ կարողացել է շատ կարծրատիպեր կոտրել, աշխատել է 15 տարեկանից, ընկել է, բարձրացել, բազում սխալներ արել, բայց բաց ճակատով է անցել իր ճանապարհը: Tert.am Life-ի՝ «Ինքս ինձ հետ» շարքում այս անգամ Նազենի Հովհաննիսյանն է:
37 տարեկանից վախենում եմ
Դերասանուհին դարձավ 37 տարեկան: Ասում է՝ սկսել է վախենալ թվերից: «Արդեն ահավոր վախենում եմ թվերից։ Չգիտեմ ինչու: Այլ է 35-ը և լրիվ ուրիշ բան` 37-ը: Մի տեսակ անարադար բան կա:) Ինձ թվում է՝ 37-ից հետո արդեն մեկ է՝ 40, թե 41, բայց 37-ը վախենալու տարիք է,- ծիծաղելով ասաց նա, ապա լռեց ու շարունակեց,- այլևս չես կարողանում խաբել ինքդ քեզ: Բոլոր մարդիկ էլ ունեն ինքախաբեությամբ զբաղվելու հատկություն: Թեև միշտ կարծել եմ, որ բավարար ազնիվ եմ ինքս ինձ հետ, բայց իմ 37-ում եկավ բացարձակ գիտակցությունը, որ ազնվության փուլը հիմա նոր է սկսվում: Ինքս ինձ հետ ցավեցնելու աստիճան ազնիվ ու անկեղծ եմ դարձել. դա ոչ միշտ է հաճելի, որովհետև տակն այնքա՜ն բան կա, այնքա՜ն բան ես ինքդ քեզ ասում, բացահայտում և՛ քո մեջ, և՛ քո մասին, և՛ ինքդ քո նկատմամբ: Ես, իհարկե, շատ խիստ եմ: Տարիներ առաջ երջանկահիշատակ մորիցս հարցազրույց էին վերցնում, հարցրեցին՝ ինչպիսին է Նազենին ձեր բնորոշմամբ, լռեց, մտածեց և ասաց՝ շատ խիստ: Այդ խոսքն այնքան սուր եմ հիշում: Ես չէի պատկերացնում, որ մայրիկիս դիտարկմամբ այդպիսինն եմ: Բայց ես իրոք խիստ էի. խիստ էի ու պահանջկոտ միջավայրիս, ընտանիքիս անդամների, ուսանողների, թե ընկերներիս նկատմամբ, ինքս իմ նկատմամբ էի խիստ, բայց 37-ում պարզվեց, որ ես այնքան խիստ չէի, որքան որ պետք է լինեի»:
Հայրիկիս կորուստը չեմ կարողանում հաղթահարել
Այս տարի Նազենին միայնակ է նշել ծննդյան տարեդարձը: Մայիսին դերասանուհին կորցրեց իր հայրիկին: 2011-ին Նազենին կորցրեց իր մայրիկին, բայց մայրիկի կորստի ժամանակ իր հետ էր հայրիկը, հոր կորստի ժամանակ նրա հետ էր նաև մայրիկի կորստի ցավը: «Ես չեմ կարծում, որ հաղթահարել եմ այն... Ծնողի կորուստն ահավոր ցավ է: Իսկ ես, ի դեմս հայրիկիս, չեմ կորցրել միայն հոր, նա իմ ամեն ինչն էր: Նրա կորուստն ընդգծեց նորից մայրիկիս կորստի ցավը, իմ սպիացած վերքերն ասես նորից բացվեցին ու մնաց անդառնալի կարոտը` որպես անդունդ: Հայրս իմ ընկերն էր: Աշխարհի բոլոր տղամարդկանց նկատմամբ վստահությունն ու սերն ամփոփված էր հորս մեջ. մեր երեք քույրերի աղջկական վստահությունը, հաջողությունն ու հանգստությունը հայրիկիցս էր: Դուստրերին հայրերն են ձևավորում ու լիարժեք ազատության մեջ` պաշտպանում: Հայրս հենց այդպիսին էր: Մենք 3 քույր ենք, մեր աղջկական հաջողությունը եղել է ոչ թե իմ մայրիկինը, այլ հայրիկինը, որովհետև աղջիկներին ձևավորում են հայրերը: Մայրերից աշխարհի սերն ու համբերությունն է, բայց ինքնավստահություն ու լիարժեքությունը հայրերից է: Լավ հայրերից, ինչպիսին իմն էր. լավագույնը: Ընտանիք կազմելիս, երեխա ունենալիս աղջիկներն առաջին հերթին պետք է ուշադիր լինեն՝ ընտրելու լավ հոր, այնպիսին, որը կպաշտպանի երեխային իր հոգատարությամբ ու սիրով. պաշտպանությունը միայն ֆիզիկական ուժի կամ ֆինանսական կեցության մեջ չէ: Իմ հայրն էլ, մայրն էլ եղել են շատ խոնարհ, համեստ աշխատող մարդիկ, ապահովել են մեր մինիմալ կենցաղը, բայց իմ հայրը եղել է իմ ազատությունը: Գուցե դա է պատճառը, որ հանգիստ եմ վերաբերում անձնականի հետ կապված շատ հարցերի, երբեք չեմ վախեցել սխալվելուց: Թեև արել եմ անթիվ-անհամար սխալներ, տուն վերադառալիս չեմ վախեցել մեղադրականից, որովհետև ունեցել եմ խոսելու հնարավորություն ու իրավունք` վերլուծելու խնդիրներն ու հարցերը: Ընդ որում՝ այդ խոսակցությունն ունեցել եմ այն ժամանակ, երբ ինքս եմ ցանկացել ինչ-որ բան հասկանալ կամ լսել: Կորուստն ահավոր բան է: Հայրս 78 տարեկան էր, բայց այնքան երիտասարդ էր, որ ես երբեք չեմ զգացել իր տարիքը: Խորհրդային տարիների տոկունությամբ, առույգ մարդ էր, որն այնքան խորն էր, այնքան էր սիրում կյանքն ու այնքան վստահ էր իր առողջության վրա, որ մենք բոլորս մի պահ հավատացել էինք, որ նա անմահ է ու միշտ լինելու է մեզ հետ: Բայց մահն իր ժամն ու ձևն ունի. վայրկյանում տարավ նրան...անծնող իրականությունը սարսափելի է»,- պատմեց նա ու հենց այս զրույցի ընթացքում էլ հասկացավ, թե ինչու է «37»-ից այսքան վախենում:
«Ծնողը վերջին պորտալարն է, որը մեզ կապում է մանկությանը: Երևի, դրա համար էլ 37-ն ավելի սարսափելի է ինձ համար: Հենց այնպես 37 չէ․․․ Երբ դառնում էի 29 տարեկան, կես օրվա ընթացքում իմպրովիզով որոշեցի նշել ծննդյանս տարեդարձը: Ասացի՝ ախր ես էլ երբեք չեմ լինի 29: Այդ տարի մայրս մահացավ: 8 տարի անց եղավ այն, ինչ եղավ: 37-ս էի նշում և էլ երբեք չեմ տեսնելու հորս: Բոլորիս կայնքում այդ էտապը մի օր գալու է, ես լավ գիտակցում եմ այդքանը, բայց ցավը դրանից չի մեղմվում... միակ սփոփանքն այն է, որ նրանց հոգիներն հիմա ավելի լավ մի վայրում են»,- ասաց նա:
Մայրանալու ցանկություն միշտ եմ ունեցել
Նազենին նկատեց, որ հոր կորստից հետո ավելի հաճախ է լսում՝ «երեխա ունեցեիր» արտահայտությունը․ «Ասում են՝ երեխա ունեցիր, մի քիչ կսփոփվես»: Նազենիի հրապարակումներին հետևելիս կարելի է նկատել, որ նա շատ է սիրում երեխաների: Կանանց մոտ մայրանալու ցանկությունն իրենց հասունության հետ ակտիվանում է նաև բնազդային մակարդակում: Դերասանուհին ասում է՝ միշտ է ունեցել այդ ցանկությունը, բայց երեխա ունենալն ինքնանպատակ չպետք է լինի:
«Շատ եմ սիրում երեխաների, ախր շատ քաղցր են: Ո՞նց կարելի է նրանց չսիրել: Ես 18 տարեկանում մայրանալու ցանկություն ունեի նույն ուժով, ինչ հիմա: Այդ բնազդը կանանց մոտ առաջանում է սեռահասունացման փուլում և մնում է: Բայց հասունության ու պատասխանատվության զգացումը գալիս է շատ հետո: Մենք` կանայք, պարտավոր ենք առաջին հերթին մեր հասունությամբ արժանի լինել երեխա ունենալու: Երեխան պարտադիր պետք է ունենա մոր ամբողջական խնամքը, խոսքը փողի կամ կենցաղային հարցերի մասին չէ, այլ երեխայի ձևավորման: Ես շատ եմ տեսնում երիտասարդ չքնաղ աղջիկների, որոնք վաղ ամուսնացել են, երեխաներ ունեցել: Դրանում և՛ լավ բան կա՝ այդ տարիքում ֆիզիոլոգիապես ավելի հեշտ ես երեխա ունենում, միասին մեծանում եք, և կա մյուս կողմը՝ այդ աղջիկների չձևավորվածությունն հետագայում ամբողջապես արտահայտվում է երեխաների մեջ: Հետո նրանք ունենում են վատ քարկապեր, հոգեբանական ծանր խնդիիրներ, հազար ու մի հարցեր: Ես, իհարկե, չեմ ասում, որ ուշ տարիքում երեխա ունեցած կանայք իդեալական են, նրանց երեխաները չունեն խնդրահարույց հոգեվիճակ կամ այլ հարցեր հարցեր, բայց ավելի գիտակից մոտեցումը, կարծում եմ, շատ կարևոր է: Իմ ընտանիք կազմելու, երեխա ունենալու որոշումն ու գործողությունն իմ իրավունքն է, իմ որոշելիքն ու միայն իմ գործը»,- ասաց նա:
Ես իրավունք չունեմ իմ կողակցի կյանքն ի ցույց դնել
Դերասանուհին շատ վաղուց չի խոսում իր անձնական կյանքի մասին: Ասում է՝ հարգում է իր կողակցի՝ հանրային չլինելու իրավունքը: «Ինչ-որ պահի ես հասկացա, որ իմ կյանքում կան էջեր, որոնք պետք է շատ փակ պահել: Դժվար է, ինչ խոսք, երբեմն անշնորհակալ, բայց իմ ընտրությունն է,- ասաց նա, իսկ հարցին, թե՞ որն էր այդ պահը, մտաբերեց տարիներ առաջ ունեցած սիրավեպը, որի մասին ոգևորությամբ խոսում էր,- Շատ տարիներ առաջ մի շատ լավ ընկեր ունեի, նրա հետ անձնական հարաբերությունների ընթացքում հանգիստ խոսում էի, հարցազրույցներ տալիս, կիսվում մեր հարաբերությունների զարգացումներով, ես խոսում էի մեր պատմության լավ ու հետաքրքիր որակների մասին: Երբ, մնալով լավ ընկերներ, բաժանվեցինք, ես ինձ խոստացա, որ այլևս չեմ խոսի իմ անձնական կյանքից, որովհետև այն, ինչ մենք համարում ենք մեր անձնական կյանքը, նույն հաջողությամբ նաև ուրիշինն է: Իսկ որքանո՞վ է նա պատրաստ հանրայնացնելու իր անձնականը: Ես հանրային մարդ եմ, բոլոր անհարմարություններով հանդերձ շատ հարցերում համակերպված ու հարմարված այդ փաստի հետ, բայց դա ինձ չի իրավունք չի տալիս իմ կողակցի կյանքը ևս ի ցույց դնել: Գոնե ոչ նախնական շրջանում, և միայն իր ցանկությամբ կամ համաձայնությամբ: Իհարկե, այլ հարց է, երբ երկուսն էլ նույն ասպարեզից են, նման դեպքում իրենց որոշումն է. նույնիսկ հաճելի ու հետաքրքիր է, բայց այլ պարագայում չեմ կարծում, որ ճիշտ է քո կողքի տղամարդու կյանքն ի ցույց դնել, որպեսզի ապացուցես, որ հաջողակ ես քո անձնական կայնքում: Ես այդ խնդիրը չունեմ»:
Նազենին շեշտում է՝ պետք է հարգել որևէ մեկի` հասարակության մեջ ակտիվ չլինելու իրավունքը․ «Կարծում եմ՝ սա ազնիվ որոշում է: Ասեմ ավելին, նույն վերաբերմունքը լինելու է երեխայիս նկատմամբ. նա պարտավոր չէ կրելու հայտնի լինելու բոլոր բարդույթներն ու բարդությունները: Հետագայում նա կորոշի՝ լինե՞լ հանրային, թե՞ ոչ, ինչու ես պետք է իրենից սարքեմ ինստագրամյան տիկնիկ»:
30 տարեկանից մենակ եմ ապրում
Կյանքի դժվարին փուլերը հաղթահարալու համար Նազենին ունի իր բանաձևը՝ ինքդ քեզ համար փաստել, որ դու մենակ ես` ինքդ քո հույսով․ «Մարդը ծնվում է մենակ, ապրում է մենակ, աշխարհից հեռանում է մենակ: Վերջ»։
Դիտարկմանը, որ խոսքի մակարդակով բոլորս ասում ենք դա, բայց հոգեբանորեն մարդն ունի մարդու կարիք, նա արձագանքեց․ «Մարդը հասարակական էակ է, չի կարող մեկուսանալ, բայց ես գտնում եմ, որ մարդը խնդիրները հաղթահարում է ինքն իրենով։ Դու կարող ես հաճույքն ու վայելքը, գեղեցկությունն ու արվեստը տարածել, ուրախությունն անպայման վայելել մտերիմներիդ հետ, նույնիսկ սուգը կարող ես մասնակիորեն կիսել հարազատներիս հետ, սակայն բարդությունների ու որոշումների փուլերում դու ես, քո ինքնուրույն որոշումներն ու վախերը: Պատասխանտվությունն ամբողջապես քեզ վրա է, և ուրիշներն էդտեղ անելիք չունեն, եթե իհարկե վախկոտ չես:)»:
Դերասանուհին իրեն մեկուսի մարդ է համարում: Ընդ որում՝ դա նրա կայնքում չի ձևավորվել մենակ ապրելու էտապում: Շեշտում է՝ միշտ է այդպիսին եղել: «Ես շատ մեկուսի մարդ եմ: Ապրում եմ մեկուսի և ինձ այդպես դուր է գալիս: Նույնիսկ, երբ ես ապրում էի իմ հայրիկի ու մայրիկի տանը, էլի շատ առանձին էի իմ որոշումներով, իմ ուշ կամ շուտ տուն գնալով, խնդիրներով ու կենցաղավարությամբ: Ես միշտ եմ մենակ ապրել, թեև ֆիզիկապես առանձնանալ կարողացա ինձ թույլ տալ 30-ում: Դա իմ ամենախորը ու ճիշտ որոշումներից էր: Ես խորհուրդ կտամ բոլոր երիատասարդներին, եթե իսկապես, սիրում, մեծարում են իրենց ծնողներին, որքան կարող են, շուտ առանձնանալ: Այդպես խնայում ես քո ծնողին: Սուտ է, որ իրար հետ ապրելով իրար օգնում եք, ընդհակառակը, նա տեսնում է ձեր բոլոր խնդիրները, չքնելը, նյարդային վիճակները, հոգսերը։ Կարծում եմ՝ չափահաս դառնալու պահից (վերցնենք 22-25 տարեկանը, ոչ թե անձնագրային չափահասությունը), գոնե 25-ից հետո մենք պարտավոր ենք խնամել ու խնայել մեր ծնողներին: Միասին ապրելու պարագայում դա անհնար է, եթե իհարկե, հատուկ խնամքի կարիք չկա: Հայաստանում ինձ դուր չի գալիս այդ փաստը, որ մենք մինչև վերջին խազն օգտագործում ենք մեր ծնողներին: Դա արդար չէ: Նրանք այնքան են մեզ տվել․․․ 3 կյանքը բավարար չէ վերադարձնելու այն հոգատարությունն ու կայնքը, որ մեզ տվել են: Խոսքը նորմալ, լավ ծնողի մասին է»,- նկատեց նա:
15 տարեկանից ֆինանսապես անկախ եմ
Հաջողակ աշխատանքային ուղի անցած ու շատերի մոտ նախանձ շարժող Նազենին աշխատել սկսել է 15 տարեկանից: Նա հպարտությամբ է խոսում իր ընտանիքի մասին, նշում է, որ իր ընտանիքը շատ համեստ է ապրել, ծնողներն ապահովել են իր և 2 քույրիկի նվազագույն ծախսերը, և ինքը վաղ տարիքից սկսել է վաստակել սեփական գումարը: Հիմա դերասանուհին ունի ֆինանսական անկախություն:
«Ես միշտ ձգտել եմ ֆինանասական անկախության: Ինձ համար վիրավորական էր երբևէ որևէ մեկից փող ուզելը: Ես 15 տարեկանից եմ ֆինանսապես անկախացել, ինչ ասես աշխատել եմ: Դրամատիկական թատրոնում էի աշխատում, դպրոցի նախակրթական բաժնում, մինչև 2 տարեկան երեխաներին նախնական տարրական կրթություն էի տալիս, հետո վազում էի Գոյ թատրոն, որտեղ չէինք ֆինանսավորվում, բայց մեր փորձերն էին անցնում: Թատերականում ստանում էի գերազանցիկության թոշակ՝ 5-6 հազար դրամ և պրեմիալ թոշակ, որը Սոս Արտաշեսովիչն էր հատուկ նշանակել մի քանի հոգու համար: Այն ժամանակվա գումարով դա 10 հազար դրամ էր: 1998 թվականին մարդիկ 10 հազար դրամ աշխատավարձ չէին ստանում, ես թոշակ էի ստանում: Դա նույնպես աշխատանք էր,- ասաց նա ու մտաբերեց, որ մի քանի տարի անց սկսեց աշխատել «Կայմ» հեռուստաընկերությունում: -Դա իմ առաջին մուտքն էր TV: Հետո սկսեցի աշխատել որպես գովազդային գործակալ, և ես, որ նույնիսկ նորմալ չգիտեի՝ ինչ ասել է ավելացված արժեքի հարկ, սկսեցի սովորել օրենքները: Այն ժամանակ ինտերնետ չկար և շատ բարդ էր ինչ-որ բան գտնելը, բայց ինքս բզբզելով 0-ից սովորել եմ այդ ամենը»:
Երբեք միամիտ չեմ եղել, բայց պատանեկան մաքրությամբ լի եմ եղել
Նազենին հեռուստադիտողներին հայտնի դարձավ «Կռունկ» երաժշտական մրցույթ-փառատոնի բեմից, որտեղ ներկայանում էր Ավետ Բարսեղյանի հետ: Երիտասարդ աղջկա բնավորությունն, իհարկե, նույնն է, բայց տարիների ընթացքում նա կոփվել է, մեծացել ու ավելի փորձառու դարձել: Նազենիի հիշողություններն այդ տարիների կյանքի մասին միանգամից ժպիտ բերեցին դեմքին:
««Կռունկի» Նազենիին շատ լավ եմ հիշում: Հիշում եմ՝ որքան համարձակ էի, բայց և պատասխաատու: Քանի որ երիտասարդությունն իր մեջ ունի չափազանց համարձակություն, հուզմունքը երբեք չէր խանգարում ինձ, որովհետև ես ունեի այդ պահին լավագույնս ներկայանալու նպատակ: Հետաքրքիր է, որ այդ հատկանիշը տարիների հետ խորացել է: Միֆ է, որ մարդը տարիների ու փորձառության հետ արխային է դառնում, ինձ մոտ լրիվ հակառակն է: Ես նախկինում չեմ հուզվել այնպես, ինչպես հիմա եմ հուզվում: Ժամանակի հետ պատասխանատվությունն ավելի է մեծանում, ռիսկերն են սովորում հաշվել»,- ասաց Նազենին:
Երիտասարդ աղջկան, որն իր առաջին քայլերն էր անում հեռուստատեսությունում, Նազենին երբեք միամիտ չի համարել․ «Միամիտ չէի: Միամտությունը մարդկային տեսակ է, որը տարիքի հետ կապ չունի: Մարդիկ կան, որոնք փորձի հետ կարող են դառնալ լավ մասնագետ, բայց մնալ նույն միամիտը: Ես երբեք միամիտ չեմ եղել, բայց մանկական, պատանեկան մաքրությամբ լի եմ եղել: Հիմա էլ լինում են դեպքեր, երբ մարդուն ընկալում եմ ինձ բնորոշ մաքրությամբ, բայց ոչ միամտությամբ»:
Մեծ հաղթանակ էր կոտրել մեծամտությունս, թե ամեն ինչ իմ ձեռքերում է
Տարիներն իրենց ազդեցությունն են ունեցել Նազենիի վրա: Դերասանուհին ասում է՝ իր մեջ եղած ամենամեծ փոփոխությունն այս ընթացքում կապված է հասարակության հետ: «Իմ մեջ փոխվել է վերաբերմունքը լայն առումով հասարակության նկատմամբ: Ես հասկացել եմ, որ հասարակությունն ընդհանուր եզրույթ չէ, այլ մարդկանց խմբաքանակ, որոնք ունեն տարբեր նախասիրություններ, դու չես կարող սիրելի լինել բոլորի համար: Այս արտահայտությունը հաճախ ենք ասում, բայց հավատում ենք, որ սիրելի ենք բոլորի համար: Ցանկացած արտիստ ամեն ինչ անում է, որ բոլորը սիրեն իրեն: Ես ազատվել եմ այդ բարդույթից»,- ասաց նա ու հավելեց, որ դրան նպաստել են տարիքը, փորձառությունը, նախորդ տարվա քաղաքական իրադարձություններն ու ամենամեծ հարվածը՝ իր հոր կորուստը:
«Մինչև այդ ինձ անընդհատ խաբելու միջոցներ գտնում էի, բայց հասկացա, որ մարդիկ իսկապես տարբեր են: Մեկը քեզ կարող է շատ սիրել առանց ճանաչելու, մյուսը՝ ճանաչելով շատ սիրել, երրորդն առանց ճանաչելու ատել, փնովել, նույնիսկ, հայհոյել: Դա քո սխալ կամ ճիշտ լինելուց չէ, առաջին հերթին, այդ մարդկանց ընկալումն է կամ պարզապես իրենց ներքինի դրսևորումը քո միջոցով: Ես կարող եմ ասել, որ ինձ համար մեծ հաղթանակ էր կոտրել մեծամտությունս, թե ամեն ինչ իմ ձեռքերում է»,- ասաց նա, բայց և խոստովանեց, որ այս ամենն ուղեկցվում է անկումային փուլերով:
«Անկումային փուլեր ունեցել եմ և ունենում եմ։ Ինձ միշտ թվում էր, որ ես ինչ-որ բան եմ փոխում դեպի լավը՝ իմ անընդհատ աշխատելու մղումով, բոլոր առումներով նվիրված քաղաքացի լինելու փաստով, բացարձակ պարզ ու թափանցիկ ապրելակերպով: Սակայն ինչ-որ պահի հասկացա, որ մարդկանց զգալի զանգված չի էլ ընկալում՝ ինչ գերուժ է պետք, որպեսզի դու ազնիվ ապրես ՀՀ-ում, նույն պայմաններում, ինչ բոլորը կամ շատերը, աշխատես մի բնագավառում, որը պահանջում է լրիվ ուրիշ համբերություն և էներգիա: Ես հասկացա, որ մարդիկ մեղավոր չեն, որ չեն ընկալել այդ բարդությունները: Ես էլ չեմ կարող նրանց պատմել, որ բարդ է ամեն անգամ դիմակայել, երբ լսարանը որոշում է իմ փոխարեն որոշել, թե ես ինչին պետք է արձագանքեմ, ընդ որում, արձագանքեմ իրենց ճաշակով: Անհնար է: Իմ ազատության ու կամքիս ազատ դրսևորման նկատմամբ ցանկացած ոտնձգություն ստանալու է համաչափ պատասխան: Մանկուց եղել եմ այդպիսին ու հիմա էլ նույնն եմ. մարդիկ չեն փոխվում: Մենք ենք փոխում մեր վերաբերմունքը նրանց կամ երևույթների նկատմամբ: Ես էլ բացառություն չեմ: Անկումային փուլեր դեռ կան իմ մեջ, բայց դա հիասթափությունը չէ, թե որտեղ եմ ես ապրում կամ ումով եմ շրջապատված: Այլ սթափ դատողություն է իմ մեջ՝ միջավայրիս նկատմամբ նախկինում ձևավորված թյուր կարծիքի մասին: Ես եմ սխալ ընկալել ինձ շրջապատող աշխարհը: Այ էդտեղ եղել եմ միամիտ․ կենցաղային ծանր խնդրի մեջ ինձ մեղադրող մարդուն ես չեմ կարող բացատրել, որ այդ խնդիրը, ցավոք, ինձնից կախված չէ և, որ փողոցի նույն փոսի մեջ ես էլ ընկնում, ոտքս ոլորվում է նույն վատ մայթի վրա, և ես նույն նյարդային վիճակում եմ Երևանում` երթևեկության պատճառով կամ փողոցն աղտոտող քաղաքացուց ես էլ եմ բարկանում ու շնչում աղբի նույն հոտը, ինչ իրենք։ Այդ ամենի հետ մեկտեղ ես, միևնույն է, կժպտամ, կլինեմ բարեհամբույր և շատ հարցերում հանդուրժող: Մարդիկ բացատրությունների կարիք չունեն, կարո՞ղ ես, օգնիր, ո՞չ, ուրեմն ուղղակի կարողացիր լսել, կարեկցել կամ գոնե չխանգարել»,- ասաց նա:
Չկա աշխարհում տղամարդ, որը կարող է խանգարել
Հաղորդավարուհին նկատեց, որ իր ճանապարհին տարբեր մարդկանց է հանդիպել, այդ թվում՝ այնպիսիքին, որոնք փորձել են խանգարել իրեն: «Ինձ հանդիպում էին շատ լավ մարդիկ, մարդիկ, որոնք լայն ժպտում էին, բայց լավը չէին, խանգարղներ, որոնց մասին տասնյակ տարիներ անց եմ իմացել, որ այս հարցում խանգարել է կոնկրետ այս մարդը, բայց ես իրեն միշտ լավ ու դրական եմ վերաբերել: Խանգարողներն ամենուր են: Ես սիրում եմ հիշել ուժեղներին և օգնողներին: Մաղձի ու նեղվածության վրա ժամանակ ծախսել չարժի: Հիշողությունն էլ անապառ չէ պետք է լավ մարդկանցով ու պահերով լցնել սիրտը»,- ասաց նա:
Հաջողությունը երբեք չեն ներում․ դերասանուհու խոսքով՝ սա զգացել է իր մաշկի վրա․ «Մարդուն երբեք չեն ներում իր հաջողությունը, երջանկությունն ու տարբեր լինելը: Եթե դու գեղեցիկ ես, բայց հիմար, ներելի է շատ բան, եթե դու անբարոյական ես, բայց ռաբիզ, քեզ էլի ներելի է շատ բան, եթե դու խելացի ես, բայց տգեղ, քեզ ներելի է շատ բան, եթե դու ֆինանսապես հաջողակ ես, անձնականում՝ ոչ, քեզ էլի ներելի է շատ բան, եթե ամուսնացած ես, բայց ոտքից գլուխ սխալ, միևնույն է, քեզ ներելի է:) բայց, մարդիկ չեն ուզում ներել ինքնուրույն, տարբեր, խնամված, բայց և խելացի կնոջը: Չեն ներում ուժն ու ինքնուրույնությունը, կանացիությունն ու կամքը: Չեն ներում և վերջ: Չեն ներում ու պետք էլ չէ: Այդպիսի մարդիկ ներողամտության կարիք արդեն չունեն, նրանք այդ ամենից անդին են վաղուց»:
Նազենին նկատեց, որ խանգարողները հաճախ հենց նույն կանայք են: «Չկա աշխարհում տղամարդ, որը կարողանա խանգարել: Եթե կինն ինչ-որ բան ուզում է, կանի: Վերջը ամրագրում ենք չէ՞, որ ուժեղը կանայք են:) Մեր հասարակությունում վերջերս շատ է խոսվում բռնությունից, խոսքի միջոցով ճնշումներից: Ըստ իմ դիտարկման՝ գոնե վերջին էտապում կանայք ավելի անհարդուժող են իրար նկատմամբ, քան տղամարդիկ՝ կանանց: Կանայք մեկը մյուսի հաջողությունից ավելի նեղվող, սխալին ավելի սուր արձագանքող են, կողքինին հեշտությամբ թաղող ու արդեն բացարձակ անկեղծությամբ հասարակայնորեն բամբասող են դարձել, ցավոք, ընդհանուր առմամբ, ոչ այդքան կառուցողական տրամադրված: Հասարակությունն առաջ տանողն ու նրա խմորումն ապահովվողը կանայք են` թթխմորի պես, ինչպես տանում են, այնպես էլ գնում է հասարակությունը: Եթե կանանց անհոգնել էներգիան, ակտիվությունը չի գալիս նորոգելու, ճանապարհը քանդվում է: Խոնարհություն բառը շատերը դիտում են իբրև անկամություն, իսկ ըմբոստությունը` համարձակություն կամ խելք: Բոլորովին էդպես չէ: Իրականում խոնարհությունն այն իմաստնությունն է, որով կինը հաճախ կարողանում է քաոսային իրականության պահի մեջ հանգիստ դատել, մնալ հավասարակշռված ու օբյեկտիվ. անձնական չստացվածությունների մաղձն ի լուր աշխարհի հայհոյախառը գոռգռոցներով պարպող կանայք իմ պատկերացրած ու տեսած կնոջ որակական կերպարից շատ հեռու են` անկախ ազգությունից: Իսկ կեղծ ընբոստությունն իր հերթին նույնքան վտանգավոր ու քանդող է, որքան ստրկամիտ համակերպվածությունը: Ամենամեծ բռնությունն առաջանում է անկրթությունից` լայն իմաստով: Անծագում, անմշակույթ, անգրագետ կանայք, որոնք իրենց երեխաներին սնում են չարությամբ ու միայն ուրիշի մեջ իրենց անհաջողությունների խնդիրները տեսնելու ապիկար մոլորությամբ` թուլության ու ստրկամտության տարածողն են: Կինը երկրի ուժը պետք է լինի: Կրթությունը, առողջությունը, խաղաղությունը գալիս է կնոջից: Հայաստան աշխարհին հենց կնոջ խնամքն էլ պակասում է: Այն պահից, երբ կինը կնոջ նկատմամբ ունենա իրական հարգանք, անթաքույց հիացմունք կամ գոնե հանդուրժող հասկացողություն, անգամ, եթե չօգնի, բայց սովորի չխանգարել, մենք կունենանք առողջ հասարակություն և ամեն բան այլ կլինի»,- վստահ է նա:
Ես չգիտեմ՝ ուժե՞ղ եմ, թե՞ ոչ, գուցե, կոտրել եմ որոշ կարծրատիպեր
Դերասանուհուն շատերը դիտարկում են որպես ուժեղ կին: «Հա՞ որ»,- առաջին պահին արձագանքում է նա, հետո ասում՝ ես չգիտեմ՝ ուժե՞ղ եմ, թե՞ ոչ: Այնուամենայիվ, նա խոստովանում է, որ ժամանակին կարողացել է հաղթահարել իր առաջին ուսուցչին` մայրիկին, որն ուժեղ կին էր:
«Մայրս ուժեղ եղբայրների, Բլեյանների ամուր ցեղի պինդ աղջիկ էր: Հնարավոր է մեզ` իր դուստրերին էլ ճնշեր իր ուժով, եթե մեզ իրենից ուժեղ ստեղծած ու դաստիարակած չլիներ:) Իսկական ու ճիշտ մայր էր` ճնշումներից մինչև բարոյականության իր պատկերացումներն ու խիստ նորմերը: Բայց մենք կարողացանք իրեն և իր ուժը հաղթահարել: Ես մի քիչ ավելի շատ, քան ավագ քույրերս․ չէ՞ որ փոքրերը գալիս են ծնողների ու ընտանեկան անհարթությունները վերջնական հարթելու:) Այն, ինչ ավագներին թուլատրելի չէր, դարձավ թույլատրելի ինձ համար՝ Թատերական ինստուտից մինչև մեծ բեմ: Մայրս անսահման կանացի էր: Մի գիշերում զգեստ կարելն ու առավոտյան այդ գեղեցիկ զգեստով ներկայանալը նրա համար սովորական բան էր: Փոխարենը հասցրել էր մեզ ծանոթացնել նաև հայ գրականության անսպառ աշխարհի հետ, որում դեռ այնքան չբացահայտված բաներ կան: Ամենաշատն ափսոսում եմ, որ չհասցրեցի խոսել մայրիկիս հետ, լսել նրան, իր կյանքի պատմությունն իմանալ: Իմ կյանքի ֆիլմի ամենահետաքրքիր ու սիրուն հերոսներն էին ծնողներս, որոնց պատմությունն այդպես էլ անավարտ կմնա»:
Նազենին նաև գիտի, որ կոտրել է շատ կարծրատիպեր: «Երբեք չեմ հասկացել՝ ինչ է նշանակում լինել ուժեղ: Սկսել եմ ընկալել, երբ ինձ կողքից հաճախ էին բնորոշում որպես «ուժեղ» մարդու, հիմա՝ ավելի շատ: Վստահ եմ, որ վախերի մասին չիմանալով են ինձ այդպես բնորոշում: Ես ուժեղ չեմ: Ես ուղղակի տանել չեմ կարողանում, երբ խղճում են,- ասաց նա ու որոշակի դադարից հետո շարունակեց,- Երևի ուժեղ կինը նա է, որը չի դադարում զարգանալ ու արդյունք տալ: Կյանքի օրենքն է. մենք անընդհատ շարժման մեջ ենք, անընդհատ ծերանում ենք, երկրի ձգողականության ուժին ենթարկվում, հուսահատվում կամ նորից սիրահարվում կյանքին: Ուժեղը նա է, ով կարողանում է շեշտակի անկումից հետո միանգամից ոտքի կանգնել, գործել, չմնալ երկար ինքն իրեն խղճացողի կարգավիճակում, չներել թերացումները, բայց և չմնալ ինքդ քեզ դատավորի ու դատափետողի ծանրության տակ: Ժամանակին ես կոտրել եմ կարծրատիպերը մի քանի հարցում, որ երիտասարդը, նույնիսկ քիչ փորձով կարող է լինել պրոֆեսիոնալ, կարող, պատասխանատու և կարող է շատ արագ աճել` ինքն իր վրա աշխատելով: Այնքա՜ն ուրախ եմ, որ այսօր շատ երիտասարդների տրվում է լայն հնարավորություն: Ես կոտրել եմ կարծրատիպերը հաղորդավարական գործի հետ կապված՝ ևս մեկ անգամ ապացուցելով, թե որքան կարևոր է հաղորդավարի, հանդիսավարի դերը: Դա արտաքինը չէ, այլ իր խոսքը, էությունն ու ամբողջական ներկայանալիությունը, որակյալ ու գեղեցիկ խոսքով ասելիքը տեղ հասցնելը: Կոտրել եմ կարծրատիպը, թե միայնակ կինը չի կարող հասնել հաջողության, որ միշտ «առաջ» հրողներ են պետք կամ մոխրոտիկի բախտ: Կարողացել եմ ձեռք բերել իրավունք` անձնականի մասին չխոսելու: Մեծագույն դժվարությամբ, բայց պահել եմ իմ սկզբունքը` չհարել որևէ քաղաքական գործչի կամ ուժի, եթե նույնիսկ բոլորը սպասում են քեզնից ճիշտ հակառակը: «Ժողովրդական» տրամադրությունները պատմության մեջ, գրեթե, միշտ հակադրվել են անհատի տեսակետին»:
Դերասանուհին շեշտում է, որ շարունակելու է ապրել իր որոշումներով ու իմ խղճին հավատարիմ․ «Քաղաքական տարբեր գործիչները գալիս ու գնում են, արտիստը մնում է և պետք է կարողանա հարաբերվել, հաղորդակցվել բոլորի հետ` իր դիրքից միայն, երբեմն էլ, լինելով հասանելի տարբեր մտածողությամբ շերտերի համար, կարողանա մնալ անհասանելի»:
Ինքն իր մեջ էլ դերասանուհին կոտրել է ներքին կարծրատիպեր: «Ես վերջապես իմ մեջ կոտրել եմ կարծրատիպը, որ մենք ընտրյալ ու լավագույն ազգն ենք: Հասկացել եմ, որ մենք ունենք ահավոր շատ թերություններ, որոնց գիտակցումը մեզ ուժ կտա: Հաճախ խոսում ենք մեր որակների ու լավ հատկանիշների մասին՝ մոռանալով սովորական մարդկային թուլությունները, որոնց պատճառով կորցնում ենք մեր ուժը, ջնջում ու զրոյից գրում պատմությունը, մոռանում սխալներն ու անընդհատ վերադառնում նույն անիմաստ կետին: Մենք պետք է սովորենք լինել սովորական ու ապրել նորմալ, պարզ կյանքով` առանց ավելորդ պաթոսի,- ասաց նա ու ավելացրեց, որ մի կարծրատիպ էլ 37-ի շեմին է կոտրել,- Ես այլևս չեմ ուզում փոխել մարդկանց: Ամեն մարդ իր ձևն ու տեսակն ունի: Որպես կանոն` չեն էլ փոխվում:) Սովորելու բան կա յուրաքանչյուրից, բոլորին լավը չես դարձնի: Աշխարհը հենց էդ տարբերությամբ է հարուստ ու գեղեցիկ, իսկ մենք ուզում ենք գազոնային դարձնել հասարակությունը: Ես հիմա հանգիստ ընդունում եմ մարդուն իր ամբողջականության մեջ, եթե նույնիսկ, որևէ կապ չունի իմ պատկերացումների հետ»:
Քանի որ կամքն ու ուժը, երբեմն, մեզ դարձնում են առնական, ընդգծված կերպով փորձում եմ պահել իմ կանացիությունը
Դերասանուհուն շատերը կանացի են համարում: Ինքն իրեն Նազենին զգուշանում է առհասարակ բնորոշումներ տալ և շտապում է հիշել, որ իր մայրն ու քույրերն են կանացիության մարմնավորում:
«Իմ մայրն աշխարհի ամենականացի կինն էր, թեև անհավանական ուժեղ: Ես վստահ եմ, որ իմ հայրիկի համար նրա մեջ հենց այդ կանացիությունն ու ամեն օր նորովի ներկայանալու կարողությունն էր գերող: Երբ նայում եմ նրանց նկարները, հիշում իրենց` տնից դուրս գալու պահը, կարծես, ռետրո ֆիլմից զույգ լինեին: Մայրս կանացի էր, գեղեցիկ ու ազնվական, իր ազնվական ծագմանը բնորոշ, հայրս` տղամարդու ամենոճային դրսևորմամբ, շատ առնական, բայց և գեղադեմ ու նորից ազնվական: Իմ ավագ քույրերն են անասելի կանացի, նուրբ ու շատ ուժեղ: Նրանց համեմատ ես բոլորովին էլ կանացի չեմ, ոչ էլ` ուժեղ:) Ուղղակի, գործի բերումով, ես ավելի տեսանելի եմ,- ասաց նա, ապա նկատեց,- Կամքն ու ուժը մեզ երբեմն դարձնում են առնական, կոպիտ կամ փշոտ, ես ընդգծված կերպով փորձում եմ պահպանել իմ կանացիությունը, չեմ ուզում ուժն ասոցիացվի անսեռության հետ»:
Այս ասպարեզում շատ կանայք են բողոքում, որ ստացել են անպարկեշտ առաջարներ՝ ոլորտում հաստատվելու խոստումով: Նազենին վստահեցնում է՝ ինքը երբեք նման առաջարկների չի բախվել․ «Կամ իմ միջավայրի տղամարդիկ են եղել խորատես ու բարոյական, կամ իմ բախտն ուղղակի բերել է կամ, գուցե, իրենք զգացել են այն էներգիան, որը զգացել են: Իմ ճանապարհին հանդիպած որևէ տղամարդ` մանավանդ աշխատանքային ընթացքի մեջ, իրեն ավելորդություն կամ լկտիություն թույլ չի տվել: Ես միշտ ու հաստատ իմացել եմ, որ կկարողանամ պաշտպանել ինքս ինձ, խոսքով, գործով, թե խելքով: Վստահեցնում եմ՝ այդ հատկությունը հեռվից հեռու զգալի է: Ես շատ եմ ցավում, երբ տարբեր առիթներով լսում ու ականատես եմ լինում իմ ուսանողուհիների կամ այլ երիտասարդ աղջիկների նկատմամբ սեռական կամ հոգեբարոյական ոտնձգությունների: Շատ եմ ցավում, երբ երիտասարդ աղջիկները, չկարողանալով պաշտպանվել կամ չհասկանալով ինչ իրավիճակում են հայտնվելու, գերի են դառնում այս կամ այն մարդու քմահաճույքին: Ես բազմիցս օգնել եմ վատ վիճակում հայտնված աղջիկներին` առանց մեղադրականի և առանց շնորհակալության սպաաումի: Ամենափոքր բանն է, որ կարող էի անել: Աղջիկներին պետք է միշտ պաշտպանել: Անհասկանալի կացության մեջ կարող է հայտնվել յուրաքանչյուր մարդ` անկախ փորձառությունից կամ խելքից: Ժամանակակից բարքերն էլ իրենց գործն են անում, երբ հաճախ գեղեցիկ արտաքինով կանայք են փորձում իրենց ուղիներն այլ կերպ հարթել․ Գեղեցկությունը վերջին բանն է, որը կարող է աշխատել: Մենք խոսում ենք խելքի, կարողության և որոշումների մասին: Բարկանում եմ, որ այսօր շատ գեղեցիկ աղջիկներ վաճառում են իրենց արտաքինը, որովհետև խելքով նրանք կարող են ավելիին հասնել, ունենալ լավ մասնագիտական որակավորում, երկարաժամկետ աշխատել. մարմինը կամ գեղեցկությունը մեկանգամյան սպառման են»:
Երևանի փոքրության մեջ ամեն ինչ խոշորացույցի տակ է
Փողոցում քայլելիս, սրճարանում նստած, թե ընկերական հավաքույթի մասնակցելիս հայտնիները մշատապես ուշադրության կենտրոնում են: «Միշտ պատրաստ» լինելու գաղափարը, երբեմն, լարվածություն է ստեղծում: Նազենին էլ խոստովանեց, որ շատ հոգնեցուցիչ է, բայց և ձևավորում է մարդուն հենց այդպիսին։
«Ես սովորել եմ լինել զգաստ, որքան ուժերս ներում են` զգոն ու պատրաստված: Երևանյան փոքրության մեջ ամեն ինչ խոշորացույցի տակ է: Երկրպագու լինի, թե սովորական անցորդ, ուզում է քեզ միշտ պատրաստ ու հավաք տեսնել: Հանրային ակտիվ գործունեություն ծավալող մարդն անընդհատ պետք է պատրաստ լինի: Ընդ որում՝ դա ավարտուն վիճակ չէ, այլ` շարունակական ու չընդհատվող մի պրոցես: Աշխատանքային նյութերին էլ այդպես եմ պատրաստվում, երբ չես մտածում արդյունքի մասին, բայց ազնվորեն գործում ես և պրոցեսիդ մեջ լինում լիարժեք` գալիս է սպասված արդյունքն ու ամփոփում աշխատանքդ: Բայց դե հիմա մարդիկ պրոցեսի ժամանակ չունեն. օգտատերերի դար է: Արագ-արագ մի բան գրեց, մի բան արեց, շուտ պաշտոն ունեցավ կամ ֆիլմում նկարվեց, ինչ-որ ուրիշ մեկի գրածը գողացավ, արվեստի գործը վայելելու փոխարեն շուտ նկարվեց, այդ ամենն Ինստագրամում դրեց, որ ավելացնի հետևորդներին... ու վերջ: Նպատակ-ընթացք-արդյունք. այս եռամիասնությունը միշտ պետք է պահել: Ես սիրում եմ ընթացքը. շարժման ու կատարելագործվելու ուղին է: Հեծանիվ չեմ հայտնաբերում, պարզ է, ուղղակի փորձում եմ լինել իմ դրած չափորոշիներին համապատասխան»:
Քաղաքային զբոսանքներից Նազենին չի հրաժարվել, թեև դրանք պարբերաբար ընդհատվում են նկարվելու խնդրանքներով, որոնք չի մերժում: Չնայած դերասանուհին սիրում է երևանյան զբոսանքները, խոստովանում է, որ միայն արտերկրում է կարողանում զբոսնել ինքն իր հետ: «Ես օգտվում եմ ինձ ընձեռնված ազատությունից ու հաճույքով ճամփորդում եմ: Ճամփորդությունն այն մաքուր օդն է, որն ինձ առողջացնում է: Եթե ինչ-որ մեկն ունի տոմսի հնարավորություն, խորհուրդ եմ տալիս օգտվել առիթից․ այսօր նույն չարություն պարունակող ինտերնետն այնքան լավ կողմեր ունի, որի շնորհիվ կարող ես, օրինակ, մինիմալ միջոցներով հիանալի ճամփորդություն ունենալ: Ես վաղուց իմ ձեռքի ճամպրուկով կարող եմ մի շաբաթով շրջել բավականին լուրջ երկրներով, որովհետև ներքին թռիչքները շատ ավելի մատչելի են, շատ հնարավորություններ կան նաև կացության վայրերի ընտրության հարցում: Երևանում սիրում եմ քայլել, շատ եմ սիրում: Բայց ափսոս, որ հաճախ չեմ կարողանում. շատ ծանրաբեռնված ու տարբեր ոլորտներին առընչվող է աշխատանքային գրաֆիկս: Ես իմ երևանյան ընկերներին եմ սիրում, նրանց հետ պարբերական շփումներն ու սիրած սրճարաններում նստելը: Միասին մենք առողջանում ենք, լավ խոսքը սեր է բերում, խնդիրների քննարկումը պարպում մեր միջի բարկությունը... ես Երևանը կարոտում եմ` անգամ Երևանում: Մի քիչ չարացել է քաղաքը, ավելի ճիշտ՝ մարդիկ»,- ասաց նա:
Տեսանյութեր
Պրեմիերա. Նունե Եսայան և Արման Աղաջանյան-«Տուն արի»
Պրեմիերա. Սոֆի Մխեյան-«Մատանի»
Պրեմիերա. PROJECT LA -«Ինչ-որ մեկին»
Պրեմիերա. Սոնա Ռուբենյան-«Իմ աղջիկ»
Պրեմիերա. Քրիստինե Պեպելյան և Արմենչիկ-«Ժամանակին»
Պրեմիերա. Իվետա Մուկուչյան-«Սեր անի»
Պրեմիերա. Ավրաամ Ռուսո-«12345»
Պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան-«Նոր ընկերուհուդ ասա»
Պրեմիերա. Սիլվա Հակոբյան - «Իմ արև, իմ լուսին»
Պրեմիերա. Բրյունետ-«No Energy»
Պրեմիերա. Նարե Գևորգյան և Աշոտ Թովմասյան - «Օրոր»
Պրեմիերա. Լյոկա-«Լաց մի ինիլ»
Պրեմիերա. Սոֆի Մխեյան-«Աշխարհից աշխարհ»
Պրեմիերա. «Ես քո Արցախն եմ, դու իմ Հայաստանը»-«Hayat Project»
Պրեմիերա. Արա Մարտիրոսյան-«Աղջիկս, բալես»
Պրեմիերա. Սարո- «Սերը կտանի»
Երգի պրեմիերա. Արամ MP3 - «Փոքրիկ»
Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
- 16:01 • 22.11.24 Պրեմիերա. Նունե Եսայան և Արման Աղաջանյան-«Տուն արի»
- 13:16 • 16.11.24 Պրեմիերա. Սոֆի Մխեյան-«Մատանի»
- 17:03 • 14.11.24 Պրեմիերա. PROJECT LA -«Ինչ-որ մեկին»
- 10:24 • 14.11.24 Պրեմիերա. Սոնա Ռուբենյան-«Իմ աղջիկ»
- 10:15 • 08.11.24 Պրեմիերա. Քրիստինե Պեպելյան և Արմենչիկ-«Ժամանակին»
- 17:39 • 04.11.24 Պրեմիերա. Իվետա Մուկուչյան-«Սեր անի»
- 11:46 • 01.11.24 Պրեմիերա. Ավրաամ Ռուսո-«12345»
- 10:14 • 23.09.24 Պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան-«Նոր ընկերուհուդ ասա»
- 15:07 • 20.09.24 Պրեմիերա. Սիլվա Հակոբյան - «Իմ արև, իմ լուսին»
- 10:46 • 19.09.24 Պրեմիերա. Բրյունետ-«No Energy»
- 15:24 • 17.09.24 Պրեմիերա. Նարե Գևորգյան և Աշոտ Թովմասյան - «Օրոր»
- 11:23 • 13.09.24 Պրեմիերա. Լյոկա-«Լաց մի ինիլ»
- 00:00 • 11.09.24 Պրեմիերա. Սոֆի Մխեյան-«Աշխարհից աշխարհ»
- 12:26 • 02.09.24 Պրեմիերա. «Ես քո Արցախն եմ, դու իմ Հայաստանը»-«Hayat Project»
- 11:51 • 17.08.24 Պրեմիերա. Արա Մարտիրոսյան-«Աղջիկս, բալես»
- 12:52 • 05.08.24 Պրեմիերա. Սարո- «Սերը կտանի»
- 12:37 • 01.06.24 Երգի պրեմիերա. Արամ MP3 - «Փոքրիկ»
- 11:48 • 18.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
- 22:59 • 05.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
- 12:38 • 14.03.24 Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
- 13:42 • 20.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
- 17:50 • 16.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
- 13:25 • 15.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
- 14:24 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
- 10:17 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
- 14:33 • 12.02.24 Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
- 14:04 • 26.01.24 Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
- 15:04 • 24.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
- 11:33 • 13.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
- 17:44 • 31.12.23 Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
- 12:04 • 25.12.23 Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
- 13:35 • 08.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
- 15:08 • 05.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
- 12:34 • 11.11.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
- 12:19 • 21.10.23 Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
- 14:04 • 30.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
- 13:04 • 17.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
- 17:41 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
- 16:56 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
- 14:26 • 21.03.23 Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Հարցազրույց 14:53 • 22/11 «2 ամիս հիվանդանոցում էր, արդեն տանն է, տրամադրությունը լավ է». Լուիզա Ներսիսյանը՝ Հրանտ Թոխատյանի առողջական վիճակի մասին «Կարևորը, որ այդ դժվար փուլի միջով անցանք ու կարողացանք հաղթահարել»,- Tert.am Life-ի հետ զրույցում՝ խոսելով Հրանտ Թոխատյանի առողջականի վիճակի մասին, ասաց դերասանուհի Լուիզա Ներսիսյանը:
-
Հարցազրույց 13:16 • 22/11 «Ի տարբերություն շատ երեխաների՝ Արեգն իմ հեռախոսի կոդը չգիտի». Քրիստինե Պեպելյանը՝ խիստ մայր լինելու մասին «Ես իրեն շատ խիստ եմ մեծացնում, բայց իրար հետ ընկերություն ենք անում, ուրախ ժամանակ ենք անցկացնում: Իմ պահանջները շատ են իրենից: Բայց ես դա անում եմ առանց իրեն նեղացնելու»,- պատմել է Քրիստինե Պեպելյանը:
-
Հարցազրույց 17:02 • 21/11 «Սիրանկյունի» սիթքոմի բյուջեն 3 անգամ գերազանցում է մյուս նախագծերի բյուջեն. նոր սիթքոմն արդեն «Շանթ»-ի եթերում է Հրանտ Հովսեփյանի, Իրինա Այվազյանի, Մարինկա Խաչատրյանի, Մարգարիտա Խաչատրյանի, Իշխան Ղարիբյանի, Վիկտորյա Սահակյանի, Հայկ Պետրոսյանի, Կարեն Ճաղարյանի և այլոց մասնակցությամբ «Սիրանկյունի» նոր սիթքոմն արդեն Շանթ հեռուստաընկերության եթերում է:
-
Հարցազրույց 13:38 • 19/11 «Հրաչուկը իմ գտնված երազն է, մենք ապրում ենք միասին». Ալբերտ Սաֆարյան «Իմ ձեռքբերումն իմ կինն է, իմ Հրաչուկը, ում 2 ու կես տարի առաջ գտա, մենք ապրում ենք միասին ու ապրելու ենք միասին ցմահ: Սա այն դեպքը չէ, որ ասում են երբեք մի ասա երբեք»,- պատմել է դերասան Ալբերտ Սաֆարյանը:
-
Հարցազրույց 16:59 • 18/11 «Դուռը բացեց հորս կինը, ասացի՝ բարև ձեզ, ես ձեր ամուսնու առաջին կնոջ աղջիկն եմ, եկել եմ հորս հետ ծանոթանամ». Լիա Զախարյանը՝ հոր հետ հանդիպման մասին «Ոտքերս դողում էր: Ոչ մի բառով չեմ կարող նկարագրել դա ինչ է, որ դու 19 տարեկանում առաջին անգամ սպասում ես, որ լոգարանից դուրս է գալու մի մարդ, ում արյունը քո երակներով հոսում է»,- պատմել է Լիա Զախարյանը:
-
Հարցազրույց 16:07 • 20/11 «Մեր ընտանիքում կոնֆլիկտներ շատ են լինում». Արամ Մելիքյանը՝ ինստագրամից դուրս մնացած ընտանեկան վեճերի, «Մեծ խաղերի», Վահեի հետ թերի հարաբերությունների ու պարտության մասին «Իմ անձնական կյանքն ամբողջությամբ շոու է, ես ամեն ինչից սիրում եմ շոու ստեղծել, և նպատակն էր շոուի միջոցով ցույց տալ այդ ընտանիքի արժեքը»,- նշեց շոումեն Արամ Մելիքյանը:
-
Հարցազրույց 12:16 • 19/11 «Ովքեր Նանուլին չեն ճանաչում, մտածում են, որ շփացած աղջիկ է, ինքնավստահ մեկը». Վիկա Մարտիրոսյան «Ես հպարտորեն ուզում եմ դրա մասին խոսել, որ մանկապարտեզում էլ, դպրոցում էլ, ամեն անգամ, թե՛ տնօրենը, թե՛ դասղեկը, բոլորը իր համեստությունից են խոսում»,- ասել է Վիկա Մարտիրոսյանը:
-
Հարցազրույց 14:53 • 22/11 «2 ամիս հիվանդանոցում էր, արդեն տանն է, տրամադրությունը լավ է». Լուիզա Ներսիսյանը՝ Հրանտ Թոխատյանի առողջական վիճակի մասին «Կարևորը, որ այդ դժվար փուլի միջով անցանք ու կարողացանք հաղթահարել»,- Tert.am Life-ի հետ զրույցում՝ խոսելով Հրանտ Թոխատյանի առողջականի վիճակի մասին, ասաց դերասանուհի Լուիզա Ներսիսյանը:
-
Հարցազրույց 10:57 • 19/11 «Միշտ մտածել եմ, որ իմ պատճառով մայրիկիս կյանքը չի ստացվել». Լիա Զախարյանը՝ ծնողների ամուսնալուծության ու տղաների հետ հարաբերության մասին «Ես միշտ մտածել եմ, որ իմ լինելու պատճառով մայրիկիս կյանքը չի ստացվել: Ինքն ունեցել է երեխա, դրա համար չի կարողացել 2-րդ անգամ ամուսնալ ու դա իմ գիտակից տարիքից մինչև հիմա ինձ հետ եկել է ու դարձել տրավմա»,- պատմել է Լիա Զախարյանը:
-
Հարցազրույց 10:55 • 18/11 «Ընկերներն ավելին են, քան տաղանդը». Հրաչ Քեշիշյանը՝ «3 ընկեր» բեմադրության մասին. պրեմիերան և հույզերը կուլիսներում Ռեժիսոր Հրաչ Քեշիշյանի բեմադրությամբ Ռեմարկի «3 ընկեր» ստեղծագործությունը՝ Անի Խաչիկյանի, Ներսես Ավետիսյանի, Լևոն Հախվերդյանի ու Վիլեն Սարգսյանի գլխավոր դերակատարմամբ բարձրացավ Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի բեմ:
-
Հարցազրույց 13:16 • 22/11 «Ի տարբերություն շատ երեխաների՝ Արեգն իմ հեռախոսի կոդը չգիտի». Քրիստինե Պեպելյանը՝ խիստ մայր լինելու մասին «Ես իրեն շատ խիստ եմ մեծացնում, բայց իրար հետ ընկերություն ենք անում, ուրախ ժամանակ ենք անցկացնում: Իմ պահանջները շատ են իրենից: Բայց ես դա անում եմ առանց իրեն նեղացնելու»,- պատմել է Քրիստինե Պեպելյանը:
-
Հարցազրույց 17:02 • 21/11 «Սիրանկյունի» սիթքոմի բյուջեն 3 անգամ գերազանցում է մյուս նախագծերի բյուջեն. նոր սիթքոմն արդեն «Շանթ»-ի եթերում է Հրանտ Հովսեփյանի, Իրինա Այվազյանի, Մարինկա Խաչատրյանի, Մարգարիտա Խաչատրյանի, Իշխան Ղարիբյանի, Վիկտորյա Սահակյանի, Հայկ Պետրոսյանի, Կարեն Ճաղարյանի և այլոց մասնակցությամբ «Սիրանկյունի» նոր սիթքոմն արդեն Շանթ հեռուստաընկերության եթերում է:
Նորաձևություն
-
17:28 • 22.07.24 Քիմ Քարդաշյանի նոր ֆոտոշարքը
-
11:33 • 19.07.24 «Մեր նոր թափանցիկ հավաքածուն թողարկվեց». Քիմ Քարդաշյան
Ժամանց
-
10:16 • 22.11.24 Սոնա Ռուբենյանը հրապարակել է դստեր ծննդյան 3-ամյակի լուսանկարները
-
16:11 • 18.11.24 Արփի Գաբրիելյանը նշում է ծննդյան տարեդարձը
Photographer
-
10:13 • 21.11.24 «Նյու Յորքն ինձ այնքան է սազում». Եվա Բաղդասարյանի նոր ֆոտոշարքը
-
14:56 • 19.11.24 Դերասանուհի Մերի Հակոբյանի նոր ֆոտոշարքը