Թուրքիան կառչում է փրփուրներից. ՀՀԿ
«Հայաստանը պահպանում է առանց նախապայմանների գործելակերպը, իսկ Թուրքիան ցանկանում է կախվել փրփուրներից»,- Հայաստանի Սահմանադրական դատարանի որոշման մասին Թուրքիայի արտգործնախարարության հայտարարությանն այսպես արձագանքեց Հայաստանի իշխող Հանրապետական կուսակցության մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը։
Tert.am-ի հետ զրույցում նա նշեց, որ Թուրքիան նման հայտարարությամբ իրեն դնում է ծիծաղելի վիճակում և ևս մեկ անգամ ապացուցում, որ արհեստականորեն է ձգձգում Արձանագրությունների վավերացման գործընթացը։ Ըստ Շարմազանովի, Թուրքիան նման պահվածքով փորձում է արդարացնել իր ոչ կառուցողական դիրքորոշումը։
«Պետք է տեղեկացնեմ, որ Հայաստանի ՍԴ-ն գործում է մեր երկրի Սահմանադրության շրջանակներում, և իր որոշմամբ իսկական ձևակերպում է տվել նախագահ Սարգսյանի անցած տարվա հոկտեմբերի 10-ի ուղերձին, որտեղ հստակ ասվում է, որ հայ-թուրքական Արձանագրություններն ուղղված են միայն ու միայն հարաբերությունների կարգավորմանը և ոչ մի կապ չունեն ո'չ Հայոց ցեղասպանության, ո'չ սահմանների ճանաչելիության և ո'չ էլ Ղարաբաղի խնդիների հետ։ Սա զուտ երկկողմ հարաբերությունների կարգավորման գործընթաց է»,- ասաց ՀՀԿ մամուլի խոսնակը։








