Ես նաև «գործող» հայ եմ. Արթուր Ջանիբեկյան
Ռուսաստանում Comedy Club Production (CCP) ընկերությունը 2005թ. երկրին ներկայացրեց նախադեպը չունեցող այսպես կոչված «աննրբանկատ հումոր» stand-up comedy ժանրում։ Չնայած բովանդակությունը հումորային է և ուրախ, սակայն բիզնեսը՝ բավական լուրջ է։ Ինչպես Коммерсант-ի հետ հարցազրույցում նշել է CCP–ի գլխավոր սեփականատեր Արթուր Ջանիբեկյանը, ընկերությունը պարբերաբար պատվիրում է սեփական բիզնեսի գնահատում, սկսել է վաճառել ապրանքանշանների արտոնագրեր և մտահոգված է, որ Ռուսաստանում օրենսդրությունը պաշտպանում է հեղինակներին, բայց ոչ պրոդյուսերներին։ Հիշեցնենք, որ Comedy Club Production–ի գլխավոր սեփականատերն է Արթուր Ջանիբեկյանը, ավելի փոքր մասնաբաժինը պատկանում է Գարիկ Մարտիրոսյանին։
Kommersant-ի թղթակցի այն դիտարկմանը, որ CCP-ը Forbes-ի շոու բիզնեսի վարկանշային աղյուսակում զբաղեցնում է 2-րդ հորիզոնականը և որ Comedy-ի արտիստների ընդհանուր եկամուտը գնահատվել է 8,3 մլն դոլար, Արթուր Ջանիբեկյանը նշել է, որ «մեծ փողեր» աշխատելու միակ ճիշտ ճանապարհը «սպիտակ» բիզնեսն է. վճարել հարկեր և համոզված լինել, որ իրավունքներդ պաշտպանված են։
Comedy-ն ուշադիր հետևում է ընկերության ապրանքանշանների օգտագործման բոլոր դեպքերին։ Արթուր Ջանիբեկյանը նշել է, որ CCP-ում ստեղծվել է հատուկ բաժին, որի աշխատակիցներն ամեն օր անցկացնում են ինտերնետի մոնիտորինգ, ջրի երես հանում խախտումների դեպքերը նույնիսկ շրջաններում՝ ընկերության տեղական գրասենյակների միջոցով։
CCP-ի սեփականատերը, խոսելով արտոնագրային հիմունքներով համագործակցության մասին՝ օրինակ է բերել «Տաշիր» ընկերության խմբի հետ վերջերս ձեռք բերված պայմանավորվածությունը, որի համաձայն, Ռուսաստանում բացվելու է Comedy Cafe 50 սրճարանների ցանց։
Արթուր Ջանիբեկյանը նշել է, որ բացի ССР-ից, ունի նաև այլ բիզնեսներ: Նա համարվում է 7 Art ընկերության համասեփականատերը, որն արտադրում է Универ և Интерны սերիալները։
«Բացի այդ, ես «գործող» հայ եմ, այսինքն՝ հաճախ եմ լինում Հայաստանում, որտեղ ATV հեռուստաալիքի, ինչպես նաև Հայաստանում շատ հայտնի Jazzve սրճարանների ցանցի սեփականատերն եմ։ Այդ ցանցը, ի դեպ, զարգանում է նաև Ռուսաստանում՝ հարավային քաղաքներում, Մոսկվայում, որտեղ արդեն բացվել է երեք Jazzve սրճարան։ Նման սրճարաններ բացվել են նաև Լոս Անջելեսում....Ես դեռ բազմաթիվ այլ ծրագրեր ունեմ»,- եզրափակել է Արթուր Ջանիբեկյանը։










