Disney-ը հայտնել է «Ավատար-4»-ի և «Ավատար-5»-ի պրեմիերաների ամսաթվերը
Disney ստուդիան հաստատել է «Ավատար» ֆիլմերի ամսաթվերը՝ չնայած նախագծին ռեժիսոր Ջեյմս Քեմերոնի հետագա մասնակցության վերաբերյալ առկա անորոշությանը։ Այս մասին հայտնել է Screen Rant-ը։
«Ավատար-4»-ի թողարկումը նախատեսված է 2029 թվականի դեկտեմբերի 21-ին, «Ավատար-5»-ինը՝ 2031-ի դեկտեմբերի 19-ին։ Ինչպես գրում է պարբերականը, դա հաստատվել է Բուենոս Այրեսում կայացած շնորհանդեսի ժամանակ, որտեղ ֆիլմերն ընդգրկված են եղել ստուդիայի ապագա կինոպրեմիերաների ցանկում՝ «Սև հովազ 3»-ի և «Սուպերընտանիքը 3»-ի կողքին։
«Ավատար 4»-ի և ողջ ֆրանշիզայի հետագա հեռանկարները հարցականի տակ էին հայտնվել վիզուալ էֆեկտների և արտադրության վրա կատարվող վիթխարի ծախսերի պատճառով։ Քեմերոնը նախկինում նշել էր, որ Disney-ի հետ բանակցությունների ընթացքում քննարկվել է հաջորդ մասերն առաջին երեք ֆիլմերից ավելի էժան և կարճ դարձնելու հնարավորությունը։ 2022 թվականին Empire ամսագրին տված հարցազրույցում ռեժիսորը հայտարարել էր, որ կարող է հրաժարվել «Ավատարի» շարունակության նկարահանումներից և ֆիլմի արտադրությունը փոխանցել գործընկերոջը։ Ինչպես բացատրել էր Քեմերոնը, ինքն ունի նաև այլ՝ ոչ պակաս հետաքրքրաշարժ նախագծեր։
2026 թվականին պրոդյուսեր Ռեյ Սանչինին Inverse պարբերականին հայտնել էր, որ «Ավատար 4»-ի և «Ավատար 5»-ի վրա տարվող աշխատանքներն առաջ են ընթանում, իսկ երկու սցենարներն էլ փայլուն են։
«Ավատար» ֆրանշիզայի մասին Forbes-ի տվյալներով՝ 2009 թվականին «Ավատար» գիտաֆանտաստիկ ֆրանշիզայի առաջին մասը վարձույթում հավաքել է 2,9 միլիարդ դոլար՝ դառնալով պատմության ամենաշահութաբեր ֆիլմը։ Ֆիլմում գլխավոր դերերը կատարել են Սեմ Ուորթինգթոնը, Զոի Սալդանան, Սթիվեն Լենգը, Միշել Ռոդրիգեսը, Ջովաննի Ռիբիզին, Ջոել Մուրը, Սիգուրնի Ուիվերը։ 2010 թվականին Պանդորա մոլորակի մտացածին նավի ժողովրդի մասին պատմող կինոնկարն արժանացել է երեք «Օսկար» մրցանակի՝ «Լավագույն վիզուալ էֆեկտներ», «Լավագույն օպերատորական աշխատանք» և «Բեմադրող նկարչի լավագույն աշխատանք» անվանակարգերում։ 2022-ի դեկտեմբերին կայացավ սիքվելի՝ «Ավատար. Ջրի ուղին» ֆիլմի համաշխարհային պրեմիերան, որը վարձույթում հավաքեց 2,3 միլիարդ դոլար։
Ֆրանշիզայի առայժմ վերջին ֆիլմը՝ «Ավատար. Կրակ և մոխիր»-ը, համաշխարհային վարձույթ է դուրս եկել 2025 թվականի դեկտեմբերի 19-ին՝ հավաքելով 1,5 միլիարդ դոլար։ Ինչպես գրում է Forbes-ը, երկրորդ և երրորդ մասերի արտադրությունը պահանջել է 78 տոկոսով ավելի շատ ծախսեր, քան առաջինը։ Դա հանգեցրել է նախագծից ստացվող զուտ շահույթի նվազմանը։









