Հին հայկական համերը՝ նոր մատուցմամբ. մայրաքաղաքի սրտում իր դռներն է բացել «Երևան ջան» ռեստորանը (տեսանյութ, լուսանկարներ)
Հայկական խոհանոցը, ժամանակակից մատուցումն ու երևանյան հյուրընկալությունը՝ մեկ վայրում. Աբովյան 1/8 հասցեում իր դռներն է բացել «Երևան ջան» ռեստորանը, որտեղ հին հայկական համերը ներկայացված են նոր մատուցմամբ: «Երևան ջան»-ը «Սիլ Գրուպ»-ի նոր նախագիծն է:
«Սա մեր ընտանիքի հերթական նախագիծն է, բարի ընթացք մեզ: Շնորհավորում եմ բոլորիս՝ բացման առիթով»,-ասում է «Երևան ջան»-ի համահիմնադիր Արիկ Սուքիասյանը:

«Երևան ջան»-ի խոհանոցի հիմքում հին համերն ու ավանդույթներն են, որտեղ վերականգնվում են այն ծանոթ ու հարազատ համերը, որոնք շատերի հիշողություններում կապված են տան, ընտանիքի և տատիկի պատրաստած ուտեստների հետ:
«Մեզ համար ռեստորանը ոչ միայն համեղ ուտելու վայր է, այլև վայր, որտեղ մարդիկ պետք է ջերմ երեկոներ, ուրախ առիթներ անցկացնեն և իմ ամբողջ թիմն ապահովելու է ջերմ ու տաք մթնոլորտ, որ հյուրն անընդհատ ուզենա գալ մեզ մոտ՝ «Երևան ջան»: Մենք սիրով սպասում ենք բոլորին»,-նշում է «Երևան ջան»-ի տնօրեն, բրենդ-շեֆ Ելենա Մխիթարյանը:

Ջերմ, հարազատ և սիրալիր. կա մեկ բառ, որն այս ամբողջը ներառում է իր մեջ, և դա «ջան»-ն է: Ռեստորանը հենց այդ ամենն է ցանկանում փոխանցել հյուրին՝ անվան միջոցով և ոչ միայն:
Ինտերիերի հիմքում էլ Երևանի պատմական միջավայրն է․ ռեստորանը գտնվում է հին, տուֆակերտ շենքում, որտեղ ժամանակին հանգրվանել է նաև Հովհաննես Թումանյանը։ Այստեղ համադրվել են աղյուսը, տուֆն ու տրավերտինը, իսկ դեկորում օգտագործվել են Հանրապետության հրապարակի ճարտարապետությունից վերցված զարդանախշերը:
«Սկսած անվանումից մինչև ներսի հարդարանքը՝ ամբողջությամբ հայեցիության ու շնորհքի, հյուրասիրության մասին է: Վստահ եմ, որ զբոսաշրջիկները նույնպես այստեղ գտնելու են այդ շունչը, ինչ մենք զգում»,-ասում է Ֆուդբլոգեր Արման Սումբաթյանը։

Ռեստորանում գործում է երկու սրահ՝ մեծ և փոքր, ինչպես նաև առանձին երկու VIP սրահ։ Ընդհանուր առմամբ այստեղ կարող է հյուրընկալվել մինչև 150 մարդ։ Գարնանը նախատեսում է գործարկել բացօթյա հատվածը, որտեղից, մասամբ տեսանելի է նաև Հանրապետության հրապարակը։
Սա նաև հայկական խոհանոցն ու հյուրընկալությունը զբոսաշրջիկներին ներկայացնող նոր հասցե է, որը հնարավորություն կտա փոխանցելու քաղաքի ջերմ ու հարազատ շունչը։ Ռեստորանն առանձնահատուկ է լինելու նաև երաժշտական կատարումներով. «Երևան ջան»-ում ելույթ կունենա համանուն բենդը՝ հին ու սիրված երգերով և ոչ միայն:























