Հրանտ-Լեոն Ռանոսի թիմակիցը սրտի կանգ է տարել խաղի ժամանակ
Իսպանիայի երկրորդ դիվիզիոնի 12-րդ տուրի «Տեներիֆե» – «Անդորրա» հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով։ Տանտերերի 30-ամյա հարձակվող Խեսուս դե Միգելը ծանր վնասվածք է ստացել, կորցրել գիտակցությունը և սրտի կանգ տարել, սակայն բժիշկների արագ միջամտության շնորհիվ հաջողվել է փրկել նրա կյանքը։
Դեպքը տեղի է ունեցել նոյեմբերի 2-ին՝ «Հելիոդորո Ռոդրիգես Լոպես» մարզադաշտում կայացած խաղի ավելացված ժամանակում, երբ հաշիվը 2։2 էր։ Երկար փոխանցումից հետո Դե Միգելը փորձել է մեն-մենակ դուրս գալ մրցակցի դարպասապահի դեմ։ «Անդորրայի» դարպասապահ Խեսուս Օվոնոն գնդակը հեռացնելու նպատակով դուրս է եկել տուգանային հրապարակից և ընդհուպ մոտեցել կենտրոնական գծին։ Ֆուտբոլիստների միջև տեղի ունեցած բախման հետևանքով դարպասապահը ծնկով ուժեղ հարվածել է հարձակվողի կրծքավանդակին։
Դե Միգելն անմիջապես տապալվել է խոտածածկին՝ կորցնելով գիտակցությունը։ Հանդիպման գլխավոր մրցավարն ուղիղ կարմիր քարտով հեռացրել է Օվոնոյին, իսկ երկու թիմերի խաղացողները շտապ օգնության են կանչել բժշկական անձնակազմին։
Բժիշկները մի քանի րոպե շարունակ առաջին օգնություն են ցուցաբերել հարձակվողին հենց խաղադաշտում, որից հետո նրան պատգարակով տեղափոխել են շտապօգնության մեքենա։
Իսպանական EFE գործակալության հաղորդմամբ՝ հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին ֆուտբոլիստը սրտի և շնչառության կանգ է տարել։ Բարեբախտաբար, շտապօգնության մասնագետներին հաջողվել է վերակենդանացման միջոցառումների շնորհիվ վերականգնել նրա սրտի աշխատանքը։ Ինչպես հայտնում է «Diario de Avisos»-ը՝ հղում անելով COPE ռադիոկայանին, խաղացողի զարկերակը վերականգնվել է, և նա սկսել է ինքնուրույն շնչել։
Reuters-ի փոխանցմամբ՝ ֆուտբոլիստը «Նուեստրա Սենյորա դե Կանդելարիա» համալսարանական հիվանդանոց է ընդունվել անգիտակից վիճակում։ Վերջին տեղեկություններով՝ նրա վիճակը գնահատվում է ծանր, բայց կայուն։
Կատարվածը մեծ ցնցում է առաջացրել մարզադաշտում․ «Տեներիֆեի» մի շարք ֆուտբոլիստներ չեն կարողացել զսպել արցունքները, իսկ տրիբունաներում գտնվող որոշ երկրպագուների ինքնազգացողությունը վատացել է, և նրանք նույնպես բժշկական օգնության կարիք են ունեցել։ Խաղադաշտ է վերադարձել նաև հեռացված դարպասապահ Խեսուս Օվոնոն՝ հետաքրքրվելու մրցակցի առողջական վիճակով։
Մրցավարի, թիմերի ավագների և մարզչական շտաբների քննարկումից հետո որոշվել է չշարունակել հանդիպումը։
Հավելենք, որ «Տեներիֆեի» կազմում հանդես է գալիս Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսը, որն այս հանդիպման ընթացքում մնացել էր պահեստայինների նստարանին։
Իսպանական ֆուտբոլային հանրությունը, տարբեր ակումբներ ու կառույցներ իրենց զորակցությունն են հայտնել «Տեներիֆեի» 9-րդ համարին՝ մաղթելով նրան շուտափույթ ապաքինում։














