Եվրոպական բանակցություններից դեպի Մոսկվա․ ինչո՞ւ Փաշինյանը Պուտինի հետ հանդիպումից առաջ փոխեց դեսպանին․ «Ժողովուրդ»

09:15 • 21.11.26

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը Մոսկվա կատարելիք այցից առաջ Հայաստանի ներկայացուցիչն փոխեց ՌԴ-ում: Նոյեմբերի 19-ին վարչապետը հայտարարեց, որ նախնական պայմանավորվածություն կա դեկտեմբերի 3-ին աշխատանքային այցով Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ հանդիպելու վերաբերյալ։ Հայտարարության հաջորդ օրը՝ նոյեմբերի 20-ին, Փաշինյանի առաջարկով և նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով Ռուսաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան նշանակվեց Սամվել Մկրտչյանը։ Մեկ այլ հրամանագրով Գուրգեն Արսենյանը հետ կանչվեց։

Ժողովուրդ օրաթերթը հիշեցնում է, որ Արսենյանը Մոսկվա էր մեկնել 2024-ին՝ իշխանական խմբակցության պատգամավորի մանդատը վայր դնելուց հետո։ Դեսպանի պաշտոնում իր առաջին հանդիպումներից մեկում նա հրապարակավ ասում էր, որ եկել է իր ջանքերը ներդնելու և հայ-ռուսական հարաբերությունները կարգավորելու համար։ Հետկանչից առաջ էլ «Հրապարակի» հետ զրույցում ընդգծել է, որ միշտ կառուցողական է տրամադրված եղել այդ հարաբերությունների նկատմամբ։

Նրան փոխարինող Մկրտչյանը կարիերային դիվանագետ է, որի աշխատանքային կենսագրության զգալի մասը կապված է եվրոպական և եվրատլանտյան կառույցների հետ։ Նա եղել է ԵԱՀԿ-ում Հայաստանի առաքելության ղեկավարի տեղակալ, 2004–2010 թվականներին ղեկավարել է ՆԱՏՕ-ում Հայաստանի առաքելությունը, իսկ 2018–2023 թվականներին եղել է Լեհաստանում ՀՀ դեսպանը։ Վարշավայից վերադառնալուց հետո Մկրտչյանը ղեկավարել է ԱԳՆ Եվրոպայի վարչությունը և այդ պաշտոնում անմիջականորեն ներգրավված եղել ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման երկխոսությանը։ Մասնավորապես, 2025 թվականի ապրիլի 11-ին նա ընդունել է ԵՄ փորձագիտական առաքելությանը, որը գնահատում էր Հայաստանի պատրաստվածությունը՝ ազատականացման գործողությունների ծրագրի չափանիշները մշակելու համար։

Նշանակման քաղաքական իմաստը կարելի է փնտրել հենց նոր դեսպանի փորձի մեջ։ Երևանը Մոսկվա է ուղարկում դիվանագետի, որը ներսից գիտի, թե ինչ է բանակցվել Բրյուսելի հետ և ինչ աշխատանք է ենթադրում եվրոպական օրակարգը։ Այդ փորձը կարող է պետք գալ ռուսական կողմի հետ մի բարդ հարց քննարկելիս՝ ինչպե՞ս է Հայաստանը պատկերացնում ԵՄ-ի հետ կապերի խորացումն ու Ռուսաստանի հետ հարաբերությունների հետագա զարգացումը միաժամանակ։

Հիշեցնենք՝ «Ժողովուրդ» օրաթերթը դեռ օգոստոսի 21-ին, հղում անելով իշխանական իր աղբյուրներին, հայտնել էր, որ Նիկոլ Փաշինյանը որոշել է հետ կանչել Ռուսաստանում Հայաստանի դեսպան Գուրգեն Արսենյանին։ Թերթի աղբյուրներն այդ որոշումն անշրջելի էին համարում։ Այդ պահին դեռ պարզ չէր, թե ով կփոխարինի Արսենյանին։ Բայց և հաստատվեցին մեր հրապարակման մեջ տեղ գտած տեղեկությունները»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։