Ընդդիմությանը հաջողվել է փաստի առաջ կանգնեցնել և՛ Փաշինյանին, և՛ Ալիևին․ Իշխան Սաղաթելյան

19:09 • 02.11.26

Սահմանադրության մասին. Նախ պետք է փաստել, որ Փաշինյանը տապալել է Սահմանադրության փոփոխությունը որպես ՀՀ ներքին օրակարգ ներկայացնելու գործը. ընդդիմությանը հաջողվել է հանրությանը ցույց տալ իրականությունը, և այսօր Հայաստանում յուրաքանչյուրը գիտի՝ Սահմանադրության փոփոխությունը Ալիևի պահանջն է, այդ իսկ պատճառով էլ այդ փաթեթը ստացել է իր արժանի անվանումը՝ «Ալիևյան Սահմանադրություն»։ Այս մասին գրել է ՀՅԴ ՀԳՄ ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։

«Ընդդիմությանը հաջողվել է փաստի առաջ կանգնեցնել և՛ Փաշինյանին, և՛ Ալիևին, որոնք այսօր Հայաստանի խորհրդարանում չունեն սահմանադրական մեծամասնություն, հետևապես՝ ալիևյան հերթական պահանջը կատարելու մանդատ։

Ընդդիմության հասցեին հնչող սպառնալիքների մասին.

Սա իսկապես պատմական պահ է, և շանտաժի, պատանդառության որևէ գործիքակազմ չի կարող ազդել ընդդիմադիր որևէ անձի որոշման վրա և ստիպել նրան կողմ արտահայտվել այն գործընթացին, որը հանգեցնելու է Հայաստանում ալիևյան Սահմանադրության ընդունմանը։

Պատանդառությունները, ձերբակալությունները, ընդդիմադիր առաջնորդների կալանավորումները, այդ թվում նաև կալանավորումների կանխատեսելի նոր ալիքը, միայն կարող են ամրապնդել ընդդիմադիրների վճռականությունը՝ «ո՛չ» ասելու Փաշինյանի և Ալիևի սահմանադրությանը։

Ինչ վերաբերում է Ալիևի և Փաշինյանի ցանկացած երաշխիքի՝ դրանք ունեն զրո նշանակություն։

Հիշեցնենք՝ 2022 թ. մարտին Փաշինյանը հայտարարում էր՝ եթե Արցախի բանակցություններում իջեցնենք նշաձողը, կերաշխավորենք Արցախի ժողովրդի անվտանգությունը և այդ հարցի շուրջ կապահովենք միջազգային կոնսոլիդացիա։

Դրանից 6 ամիս հետո վերջինս Իլհամ Ալիևի հետ ապահովեց Արցախի հայաթափումն ու էթնիկ զտումը։

Ուստի ստեղծված իրավիճակում ընդդիմության պատմական դերակատարությունը շարունակում է մնալ հետևյալը՝ ամուր կանգնել միակ ճշմարիտ դիրքում, «ո՛չ» ասել Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի համատեղ փաթեթին՝ Հայաստանում ալիևյան Սահմանադրության ընդունմանը, անկլավների անվան տակ տարածքային նոր զիջումներին։

Եթե Փաշինյանը գնա այդ ճանապարհով, այն պետք է վերածվի վերջինիս իշխանազրկելու գործընթացի»,-գրել է նա։