Իրանի կողմից nչնչացվել է ամերիկյան 20-րդ MQ-1 անօդաչու թռչող սարքը
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հակաօդային պաշտպանության ուժերը հայտարարել են Հորմուզի նեղուցի արևելյան հատվածի երկնքում ամերիկյան MQ-1 անօդաչու թռչող սարքի ոչնչացման մասին։
Ինչպես հայտնում է Իրանի պետական հեռուստառադիոընկերությունը՝ վկայակոչելով ԻՀՊԿ-ին, օդային թիրախը հայտնաբերել և խոցել են կորպուսի Օդատիեզերական ուժերի հակաօդային պաշտպանության ստորաբաժանումները։
Նշվում է, որ ամերիկյան անօդաչու թռչող սարքը որսալու համար կիրառվել են իրանցի զինվորականների սպառազինության մեջ գտնվող հակաօդային պաշտպանության նոր համակարգերը։
ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ին սկսել են հարվածներ հասցնել Իրանի օբյեկտներին, ինչին իրանական կողմը նույնպես պատասխանել է հարվածներով: Չնայած այն հանգամանքին, որ հակամարտությունը հանդարտվել է, այն մնում է չկարգավորված։











