Առատությունը չափվում է ոչ թե կուտակած հարստությամբ, այլ սիրով, ծառայությամբ և Աստծո արքայության գանձերով. Դանիել Սրբազանը՝ քահանայական ձեռնադրությանը

19:29 • 22.11.26

Նոյեմբերի 22-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, Միածնաէջ Մայր Տաճարում հընթացս Սուրբ և Անմահ Պատարագի կատարվեց քահանայական ձեռնադրություն:

Պատարագիչն էր Գերաշնորհ Տ. Դանիել եպիսկոպոս Ֆընդըկյանը, որի ձեռամբ քահանայական ձեռնադրության և օծման արժանացան Մայր Աթոռի տարբեր կառույցներում և թեմերում սպասավորող ինը սարկավագներ:

Սուրբ Պատարագի ընթացքում Դանիել սրբազանը, քահանայության կոչելով նորընծաներին, Սրբալույս Մյուռոնով օծեց նրանց ճակատներն ու ձեռքերը, ինչպես նաև նորաօծ եկեղեցականներին շնորհեց նոր հոգևոր անուններ:

Բարեշնորհ Եղիշե սարկավագ Սարգսյանը վերակոչվեց Տեր Հովակիմ քահանա, Արսեն սարկավագ Մարտիրոսյանը՝ Տեր Ռաֆայել քահանա, Հովհաննես սարկավագ Էվինյանը՝ Տեր Միքայել քահանա, Հովհաննես սարկավագ Թորոսյանը՝ Տեր Լևոն քահանա, Քաջիկ սարկավագ Եղոյանը՝ Տեր Սուքիաս քահանա, Արմեն սարկավագ Դիշլանյանը՝ Տեր Սեդրակ քահանա, Օնիկ սարկավագ Տեր-Բարսեղյանը՝ Տեր Մինաս քահանա, Նարեկ սարկավագ Թեմուրյանը՝ Տեր Թովմաս քահանա և Դավիթ սարկավագ Սերգեյենկոն՝ Տեր Բենիամին քահանա։

Այնուհետև նորաօծ քահանաներն իրենց անդրանիկ օրհնությունը փոխանցեցին ներկաներին:

Սրբազան Հայրը, անդրադառնալով օրվա ավետարանական «Անմիտ մեծահարուստը» առակին, նշեց, որ նյութական բարեկեցությունը չպետք է շփոթել կյանքի իրական լիության հետ, քանի որ առատությունը չափվում է ոչ թե կուտակած հարստությամբ, այլ սիրով, ծառայությամբ և Աստծո արքայության գանձերով։ Այս առիթով Դանիել սրբազանն ընդգծեց, որ մարդկային կյանքում կարելի է շեղվել ժամանակավոր խնդիրներով ու նյութական նպատակներով՝ մոռանալով գլխավոր կոչումը։ Պատարագիչ եպիսկոպոսը ներկաներին հորդորեց նախ փնտրել Աստծո արքայությունը և իրենց կյանքը նվիրել Քրիստոսին ու ժողովրդին ծառայելուն։

Ապա դիմելով նորաօծ հոգևոր հայրերին և անդրադառնալով քահանայության խորհրդին՝ Սրբազան Հայրը նշեց․ «Իմ սիրելի՛ նորաօծ քահանաներ և եղբայրներ, դուք ստանձնել եք մեծ պատասխանատվություն և ստացել մեծագույն պարգև։ Ես ձեզ ճանաչել եմ որպես խելացի, կրթված, շնորհալի և կարող անձնավորություններ։ Ընտրել եք մի ճանապարհ, որը ձեզանից շատ բան է պահանջելու։ Դուք ընտրել եք ձեր կյանքը Աստծուն նվիրելու ճանապարհը՝ ծառայելու ձեր հոգևոր խնամքին վստահվելիք ժողովրդին։ Դուք այսօրվա Ավետարանի խոսքի համաձայն ընտրել եք Աստծով հարստանալը»։

Սրբազան Հայրն անդրադարձավ քահանայական ծառայության ընթացքում առկա մարտահրավերներին ու փորձություններին՝ պատգամելով նորաօծ հայրերին, որ հայացքները միշտ բարձր պահեն, թույլ չտան, որ իրենց ծառայության առօրյա պահանջները, հուսահատությունները կամ եկեղեցական կյանքի դժվարությունները մարեն այն տեսիլքը, որն իրենց առաջնորդել է մինչև այս օրը։

«Եղե՛ք աղոթքի մարդիկ։ Թող Քրիստոսի հետ ձեր հարաբերությունը լինի ձեր կյանքի կենտրոնը։ Թող ձեր աղոթքը ձեզ առաջնորդի ավելի ու ավելի սիրելու այն մարդկանց, որոնք վստահված են ձեր հոգևոր խնամքին։ Հատկապես ուշադիր եղեք նրանց հանդեպ, ովքեր աղքատ են նյութապես և հոգևորապես։ Եղեք նրանց կողքին, ովքեր միայնակ են, հուսահատված, մոռացված կամ հոգեպես վիրավորված։ Լսե՛ք մարդկանց, լրջորեն վերաբերվե՛ք նրանց հոգսերին», - հավելեց Դանիել սրբազանը։

Վերջում, վերստին դիմելով նորաօծ հայրերին, պատարագիչ եպիսկոպոսը հորդորեց, որ Ավետարանը քարոզեն և ապրեն ավելի մեծ համոզվածությամբ։ Լինեն ազնիվ, երբ անազնիվ լինելն ավելի հարմար է, լինեն առատաձեռն, երբ առատաձեռնությունը իրենցից զոհողություն է պահանջելու, լինեն քաջ, երբ ճիշտ վարվելը թվում է ոչ ժողովրդական։

Ապա «Ողջույնի» ժամանակ Ամենայն Հայոց Հայրապետի գլխավորությամբ Մայր Աթոռի միաբաններն ու ներկա հոգևորականաց դասը բարձրացան Սուրբ Խորան և շնորհավորեցին նորաօծ քահանաներին՝ համբուրելով նրանց մյուռոնադրոշմ ճակատներն ու ձեռքերը:

Նույն օրը՝ երեկոյան, Մայր Տաճարում կատարվեց նաև վեղարի տվչության արարողությունը: Տեր Սուքիաս, Տեր Սեդրակ և Տեր Բենիամին քահանաները ստացան վեղարներ ու համալրեցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանության շարքերը:

Նորաօծ քահանաները Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կանցկացնեն քառասնօրյա պատրաստության և աղոթքի շրջան, որից հետո ծառայության կկոչվեն Հայ Եկեղեցու տարբեր կառույցներում և թեմերում: