Ուկրաինայի ԶՈւ-ն hարվածել է ՌԴ Յարոսլավլ քաղաքի նավթավերամշակման գործարանին. կան տnւժածներ. Յարոսլավլի նահանգապետ

11:58 • 03.11.26

Ուկրաինական ուժերը նոյեմբերի 3-ի գիշերը հարվածել են ՌԴ Յարոսլավլ քաղաքի նավթավերամշակման գործարանին, ինչից հետո խոշոր հրդեհ է բռնկվել: Այս մասին հայտնել է Յարոսլավլի նահանգապետ Միխայիլ Եվրաևը:

Նշվում է, որ հարվածի հետևանքով երկու աշխատակից է վիրավորվել: Ըստ նրա՝ էլեկտրոնային պատերազմի և հակաօդային պաշտպանության ուժերը հետ են մղել նավթավերամշակման գործարանի վրա անօդաչու թռչող սարքերով իրանակացվող լայնածավալ հարձակումը՝ խոցելով 124 անօդաչու թռչող սարք:

«Վնաս է հասցվել գործարանի ենթակառուցվածքներին։ Արտակարգ իրավիճակների ծառայություններն աշխատում են հրդեհը մարելու ուղղությամբ։ Գործարանի երկու աշխատակից բեկորային վնասվածքներ են ստացել։ Վիրավորները հոսպիտալացվել են։ Խփված անօդաչու թռչող սարքերի բեկորները կոտրել են նաև մի քանի բազմաբնակարան շենքերի և մասնավոր տների պատուհանները, ինչպես նաև վնասել բնակիչների մեքենաները»,- գրել է նա։

Astra-ի և տելեգրամյան այլ ալիքների տվյալներով՝ հրդեհ է բռնկվել «Սլավնեֆտ-ՅԱՆՈՍ» նավթավերամշակման գործարանում։ Գործարանի տարածքում արձանագրվել է հրդեհի հինգ խոշոր և երկու փոքր օջախ։

«Սլավնեֆտ-ՅԱՆՈՍ»-ը Ռուսաստանի հինգ խոշորագույն նավթավերամշակման գործարաններից մեկն է և բազմաթիվ հարձակումների թիրախ է դարձել։ Դրա տարեկան հզորությունը կազմում է մոտ 15 միլիոն տոննա նավթ։ Գործարանն արտադրում է բենզին, դիզելային վառելիք, ավիացիոն կերոսին և ռեակտիվ վառելիք։ Ուկրաինայի զինված ուժերը նավթավերամշակման գործարանը համարում են «ծայրահեղ կարևոր» ռուսական բանակի լոգիստիկայի համար։