Հութիները hարվածել են Սաուդյան Արաբիայում նավթավերամշակման գործարանին

11:23 • 25.11.26

Եմենի «Անսար Ալլահ» ապստամբական շարժման հութիները հարվածել են Սաուդյան Արաբիայի Ռաս-Տանուրա քաղաքի նավթավերամշակման գործարանին։ Նման պնդմամբ հանդես է եկել ապստամբների ռազմական ներկայացուցիչ Յահյա Սարիան, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Եմենի զինված ուժերը երկու ռազմական գործողություն են իրականացրել։ Առաջինն ուղղված էր Արևելյան նահանգի Ռաս-Տանուրա քաղաքում գտնվող նավթավերամշակման գործարանի դեմ», - ասվում է Սարիայի հրապարակված հայտարարության մեջ։

Շարժման ներկայացուցչի խոսքով՝ օբյեկտին հասցված հարվածները դիպուկ են եղել և հանգեցրել են հրդեհի բռնկման։ Բացի այդ, հութիները գրոհել են Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր-Ռիյադի ֆինանսական թաղամասը։ Սարիայի պնդմամբ՝ գործողությունն ընթացել է երեք փուլով և հանգեցրել է զգալի վնասների։ Նա հավելել է, որ ապստամբների գործողությունները պատասխան են դարձել Սաուդյան Արաբիայի գլխավորած արաբական կոալիցիայի կողմից Եմենի հարավում գտնվող Լահջ նահանգում քաղաքացիական ավտոմեքենաներին հասցված հարվածներին, ինչպես նաև Սանային և այլ շրջաններին հասցված հարվածներին։

Ավելի վաղ Սաուդյան Արաբիայի քաղաքացիական պաշտպանության վարչությունը հայտնել էր, որ Էր-Ռիյադի ֆինանսական թաղամասի երկնաքերերից մեկի վրա հարձակման հետևանքով 11 մարդ վիրավորվել է։ Տուժածների թվում են թագավորության երկու հպատակ, ինչպես նաև ինը օտարերկրացի՝ Հնդկաստանի երկու, Նեպալի երեք և Եգիպտոսի չորս քաղաքացի։