Կատարցի միջնորդները շարունակում են շփումներն ԱՄՆ-ի և Իրանի միջև. Կատարի ԱԳՆ

15:36 • 24.11.26

Կատարցի միջնորդները շարունակում են շփումներն ԱՄՆ-ի և Իրանի միջև, սակայն հրաժարվում են բացահայտել բանակցային գործընթացի մանրամասները մինչև վերջնական համաձայնագրի ձեռքբերումը։ Այս մասին հայտարարել է էմիրության ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մաջիդ բեն Մուհամմեդ ալ-Անսարին, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Մենք՝ որպես միջնորդներ, ձգտում ենք նրան, որ քննարկումը մնա բանակցային սենյակում և իրականացվի կողմերի հետ շփումների միջոցով։ Կատարի Պետությունը շարունակում է հանդիպումներ և շփումներ անցկացնել կողմերի միջև՝ կարծիքների փոխանակման համար», - ասել է նա ճեպազրույցի ժամանակ՝ պատասխանելով համաձայնագրի կոնկրետ բանաձևի առկայության մասին հարցին:

Դիվանագետն ընդգծել է, որ Դոհան մտադիր չէ հրապարակայնորեն քննարկել այն կետերը, որոնց շուրջ Վաշինգտոնի և Թեհրանի միջև պահպանվում են տարաձայնությունները, կամ նրանք, որոնց շուրջ արդեն ձեռք է բերվել կոնսենսուս։ Նրա խոսքով՝ բոլոր մանրամասները կներկայացվեն միայն այն բանից հետո, երբ կողմերը կհանգեն վերջնական համաձայնության։

Կատարը հանդես է գալիս որպես ԱՄՆ-ի և Իրանի միջև անուղղակի բանակցությունների առանցքային միջնորդներից մեկը։ Նոյեմբերի 23-ին Կատարի վարչապետ և արտաքին գործերի նախարար շեյխ Մուհամմեդ բեն Աբդել Ռահման Ալ Թանին Վաշինգտոնում հանդիպում է անցկացրել ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ։ Ամերիկյան արտաքին քաղաքական գերատեսչության տվյալներով՝ կողմերը քննարկել են սպառնալիքների կանխումը և Մերձավոր Արևելքում կայունության ապահովումը։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նոյեմբերի 22-ին Fox News հեռուստաալիքի լրագրողներին հայտարարել էր, որ Վաշինգտոնն ու Թեհրանը շարունակում են հակամարտության դադարեցման վերաբերյալ անուղղակի խորհրդակցությունները։ Ամերիկյան առաջնորդը նաև հայտնել էր, որ հակված է Ամանորից հետո վերսկսել Իրանին հասցվող հարվածները, եթե իսլամական հանրապետության հետ պայմանավորվածություններ ձեռք չբերվեն։