Գազայի ավելի քան 99 տոկոսը կարող է աղտոտված լինել քիմիկատներnվ Իսրայելի hարձակումների պատճառով. Oxfam

13:20 • 24.11.26

Գազայի տարածքի ավելի քան 99%-ը կարող է աղտոտված լինել տոքսիններով և քիմիկատներով՝ Իսրայելի հարձակումների և շենքերի ավերման հետևանքով։ Այս մասին ասվում է միջազգային ոչ կառավարական Oxfam կազմակերպության զեկույցում, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Իսրայելական բանակի հարվածները աղտոտման մասշտաբային ռիսկեր են ստեղծել Գազայի ամբողջ հատվածում։ Տարածական վերլուծությունը ցույց է տվել տարածքի ավելի քան 99%-ի պոտենցիալ աղտոտման նշաններ», - նշվում է հրապարակման մեջ։

Oxfam-ի տվյալների համաձայն՝ պաղեստինյան անկլավի տարածքում օդը, հողը և ջուրը կարող են աղտոտված լինել ծանր մետաղներով, պայթուցիկ նյութերի մնացորդներով, ասբեստով և տոքսիններով։ Նշվում է, որ խնդրին հանգեցրել է Իսրայելի կողմից ռումբերի և հրկիզող զինամթերքի մասշտաբային կիրառումը, ինչպես նաև շենքերի ավերումն ու մեծ քանակությամբ աղբը։ Աղտոտման ամենաբարձր մակարդակները կարող են դիտվել Գազա, Ռաֆահ և Խան Յունիս քաղաքներում, Ջաբալիա փախստականների ճամբարում և Սալահ ադ-Դինի մայրուղու շրջանում։

Հետազոտողների գնահատմամբ՝ աղտոտումը ծանր հետևանքներ կունենա մարդկանց կյանքի և առողջության համար։ Ընդ որում, փորձագետները չեն կարող ամբողջությամբ գնահատել խնդրի մասշտաբը Գազայի հատված սարքավորումների ներկրման արգելքների պատճառով։

Զեկույցում առանձին նշվում է, որ անկլավի տարածքում աշխատում է կոյուղու պոմպակայանների միայն 19%-ը, իսկ բուն ցանցը գործում է ընդամենը 30%-ով։ Արդյունքում օրական շուրջ 40,000 խորանարդ մետր չմաքրված կեղտաջուր է լցվում Միջերկրական ծով, ևս 15,000 խորանարդ մետր հայտնվում է շրջակա միջավայրում՝ արտահոսքերի և կեղտահորերի միջոցով։