Իրանը մտադիր չէ բանակցություններ վարել, քանի դեռ ԱՄՆ-ը չի համաձայնել կատարել Թեհրանի յոթ նախապայմանները. Ղալիբաֆ
Իրանը մտադիր չէ բանակցություններ վարել տարածաշրջանում իրավիճակի կարգավորման շուրջ, քանի դեռ ԱՄՆ-ն չի համաձայնել կատարել Թեհրանի յոթ նախապայմանները։ Այս մասին հայտարարել է Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը, փոխանցում է Tasnim գործակալությունը։
Ղալիբաֆը նաև նախազգուշացրել է, որ Իրանի դեմ նոր ագրեսիվ գործողությունների դեպքում երկրի իշխանությունները պատրաստ են ընդլայնել ռազմական գործողությունների աշխարհագրությունը։
Նոյեմբերի 3-ին Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզային նույնպես ասել էր, որ Իրանը չի բացի Հորմուզի նեղուցը, քանի դեռ ԱՄՆ-ն չի ընդունել Թեհրանի բոլոր յոթ պայմանները։
Նոյեմբերի 20-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել էր, որ Իրանը շահագրգռված է ԱՄՆ-ի հետ համաձայնագիր կնքելու հարցում, սակայն դեռ պատրաստ չէ ընդունել Վաշինգտոնի պայմանները։
Նոյեմբերի 21-ին Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել էր, որ Հորմուզի նեղուցը կբացվի այն բանից հետո, երբ ԱՄՆ-ը կատարի տարածաշրջանում հակամարտության դեէսկալացիայի երկօրյա ծրագրի պայմանները։ Նա նշել էր, որ սկզբում ԱՄՆ-ը պետք է ձեռնարկի անհրաժեշտ միջոցներ՝ Թեհրանի վստահությունն ամրապնդելու համար։
Իրանի արտաքին գործերի նախարարի խոսքով՝ Վաշինգտոնը պետք է կատարի պարտավորություններն առաջին օրը, իսկ երկրորդ օրը Հորմուզի նեղուցը կբացվի, և ԱՄՆ-ն ու Իրանը կնստեն բանակցությունների սեղանի շուրջ։ Բանակցություններին, Իսլամաբադի հուշագրի համաձայն, կհատկացվի 60 օր։ Նրա խոսքով՝ Թեհրանը Վաշինգտոնին է տրամադրել ծրագիրը ԱՄՆ Կոնգրեսի ընտրությունների մեկնարկից 10 օր առաջ։














