Իշխանության «առաջարկն» ու ընդդիմության հակաքայլերը. սահմանադրական ճգնաժամը խորանում է. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է. Նիկոլ Փաշինյանի երեկվա ուղերձից հետո ձևավորված քաղաքական և փորձագիտական արձագանքները ցույց են տալիս, որ նոր Սահմանադրության շուրջ ոչ միայն չի առաջացել հանրային կամ քաղաքական համաձայնություն, այլև ավելի են հստակեցվել ու սրվել երեք առանցքային հակադրություններ՝ պետական ինքնության, խաղաղության պայմանների և իշխանության լեգիտիմության շուրջ։
Խորհրդարանական և արտախորհրդարանական ընդդիմադիր ուժերը փաստացի մերժել են վարչապետի առաջարկած սցենարը՝ հանդես գալով թե՛ քաղաքական հակափաստարկներով, թե՛ գործընթացի այլընտրանքային տրամաբանությամբ։
Սակայն ընդդիմադիր դաշտը չընդունեց առաջարկված խաղի կանոնները՝ համարելով, որ հանրաքվեի նշանակմանը մասնակցելը կնշանակի նախապես լեգիտիմացնել մի գործընթաց, որի բովանդակությունն ու արտաքին քաղաքական շարժառիթները խորապես վիճելի են։ Խորհրդարանական ուժերից ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը շեշտը դրեց պետական ինքնության և նախագծի բովանդակության վրա։ Խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը հայտարարեց, որ իրենց 29 պատգամավորները չեն քվեարկելու նոր Սահմանադրության հանրաքվեի օգտին՝ նախագիծը գնահատելով որպես ոչ ժողովրդավարական և ընդգծելով, որ Հայաստանի Մայր օրենքը չի կարող ընդունվել որևէ արտաքին ուժի, այդ թվում՝ Ադրբեջանի պահանջով։
Խմբակցության մեկ այլ պատգամավոր՝ Լիանա Մանուկյանը, նշեց, որ Անկախության հռչակագրի հղման բացակայությունը հաստատում է իրենց նախկին մտահոգությունները և փաստացի դուրս է մղում համազգային նպատակները, ներառյալ Հայոց ցեղասպանության ճանաչման պահանջը, ինչի պատճառով խմբակցությունը չի պատրաստվում մասնակցել նախագծի բովանդակային քննարկմանը։ Թեև այս մարտավարությունը թույլ է տալիս չլեգիտիմացնել գործընթացը, այն պարունակում է նաև որոշակի քաղաքական ռիսկ, քանի որ իշխանությունը կարող է քննարկումից հրաժարվելը ներկայացնել որպես այլընտրանքային լուծումների բացակայություն։
Խորհրդարանական մյուս ընդդիմադիր ուժը՝ «Հայաստան» դաշինքը, նույնպես հայտարարեց առաջարկի մերժման մասին։ Դաշինքի ներկայացուցիչ Արթուր Խաչատրյանը նշեց, որ մերժում է Նիկոլ Փաշինյանի առաջարկը և նրա հետ որևէ բանակցություն անհնար է համարում՝ մատնանշելով ընդդիմադիր գործիչների նկատմամբ իրականացվող ձերբակալություններն ու քրեական հետապնդումները։ Խաչատրյանի խոսքով, ընդդիմությունը պահանջում է Փաշինյանի հեռացումը, որպեսզի Սահմանադրությունը չփոխվի այնպիսի պայմաններում, որոնք կարող են Հայաստանը վերածել Ադրբեջանի վասալ պետության կամ գաղութի։ Այսպիսով՝ «Հայաստան» դաշինքը հրաժարականի խոստումը չի դիտարկում որպես վստահելի երաշխիք և հրաժարվում է մտնել իշխանության նախանշած հանրաքվեական սցենարի մեջ։
Քաղաքական բանավեճին զուգահեռ՝ սահմանադրական իրավունքի մասնագետները մատնանշում են մեկ այլ, ոչ պակաս կարևոր դրվագ՝ Անկախության հռչակագրի շուրջ ծավալված բանավեճի իրական նշանակությունը։ Նրանք նշում են, որ Անկախության հռչակագրի շուրջ ծավալված բուռն վեճը կարող է ծառայել որպես «խայծ»՝ հանրության ուշադրությունը շեղելու նախագծի այլ, առավել էական փոփոխություններից, որոնց իրական նպատակը գործող իշխանության դիրքերի հետագա ամրապնդումն է։ Նախագծի առանձին դրույթների՝ մասնավորապես Մարդու իրավունքների հանձնակատարի ինստիտուտի, առանձին նախարարներին անվստահություն հայտնելու ԱԺ լիազորության, դատավորների և ԲԴԽ անդամների վերագնահատման մեխանիզմների շուրջ սկսվող քննարկումները ցույց են տալիս, որ եթե ընդդիմությունն ու հանրությունը կենտրոնանան միայն նախաբանի խնդրի վրա, կարող են տեսադաշտից բաց թողնել պետական կառավարման համակարգի և իշխանությունների հավասարակշռության խորքային վերաձևումները։
Այսպիսով՝ Փաշինյանի ուղերձը փոխեց քաղաքական բանավեճի բնույթը՝ սահմանադրական փոփոխությունը կապելով Արցախյան հակամարտության պատմական գնահատականի և խաղաղության խոստման հետ, սակայն չկարողացավ հիմնավորել, թե ինչպես է Հայաստանի Մայր օրենքի փոփոխությունը երաշխավորելու Ադրբեջանի կողմից պայմանագրի ստորագրումն ու անշրջելի խաղաղությունը։ Ստեղծված իրավիճակում խորհրդարանական և արտախորհրդարանական ընդդիմության գլխավոր խնդիրն է դուրս գալ զուտ հակադրվելու դաշտից, հանրությանը ներկայացնել գործող և առաջարկվող Սահմանադրությունների համապարփակ մասնագիտական համեմատականը, հստակեցնել ժամանակավոր կառավարության ծրագրային մեխանիզմները և ցույց տալ, որ խաղաղությունը, անկախությունն ու ազգային ինքնությունը միմյանց չեն բացառում, իսկ պետականության հիմքերի վերանայման անհրաժեշտությունը դեռևս ապացուցված չէ։










