Տնային կալանքը չի կիրառվի, եթե զnհն ու բռնարшրը կարող են նույն հասցեում բնակվել․ ՆԳ նախարար
Տնային կալանք խափանման միջոցը չի կարող կիրառվել այն դեպքերում, երբ բռնարարը և տուժողը կարող են բնակվել նույն հասցեում, և այդ հանգամանքը կարող է վտանգ ստեղծել տուժողի համար։ Այս մասին հայտարարել է ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը՝ անդրադառնալով ընտանեկան բռնության դեպքերում խափանման միջոցների կիրառման վերաբերյալ օրենսդրական կարգավորումներին։
Նախարարի խոսքով՝ այս սահմանափակումը չի նշանակում, որ նման դեպքերում դատարանը պարտավոր է ինքնաբերաբար կալանք կիրառել։ Կալանքը կարող է կիրառվել միայն օրենքով սահմանված համապատասխան հիմքերի առկայության դեպքում։
«Սա չի բերում ավտոմատ կալանք խափանման միջոցի կիրառման։ Որևէ դատավոր չի համարձակվի իրավական առումով կիրառել կալանք այն դեպքերում, երբ կալանքի հիմք ուղղակի չկա։ Եթե կա տնային կալանքի հիմք, բայց այս արգելքը կա, և չկա կալանքի հիմք, դատարանը շատ հանգիստ կարող է կիրառել վարչական հսկողություն խափանման միջոց, դրան գումարել գրավ կամ այլ խափանման միջոցներ՝ համակցված կերպով»,– նշել է Սարգսյանը։
Նա ընդգծել է, որ առաջարկվող արգելքի նպատակն է բացառել այն իրավիճակը, երբ տնային կալանքի կիրառման հետևանքով տուժողն ու բռնարարը կարող են հայտնվել նույն բնակության վայրում։
«Այս արգելքը բացառապես նրա համար է, որ որևէ մեկի մտքով չանցնի կիրառել տնային կալանք այն իրավիճակներում, երբ զոհն ու բռնարարը կարող են նույն հասցեում բնակվելով ռիսկի աղբյուր ստեղծել զոհի նկատմամբ։ Սա որևէ ձևով չի կարող կաշկանդել դատարանին՝ չկիրառել կալանք այն դեպքերում, երբ կալանքի կիրառման հիմքեր չկան»,– ասել է ՆԳ նախարարը։
Անդրադառնալով ընտանեկան բռնության գործերով հաշտության հնարավորությանը՝ Արփինե Սարգսյանը նշել է, որ նման դեպքերում հաշտեցման մեխանիզմի կիրառումը կարող է հանգեցնել բռնության կրկնվող շրջանի վերականգնմանը։
«Երբ որ դու հինգերորդ կամ վեցերորդ անգամ քո նկատմամբ բռնություն կիրառելուց հետո դիմում ես ոստիկանություն, վարույթ իրականացնող մարմին, այդտեղ գնալ հաշտվել և նորից վերադարձնել ցիկլը սկզբնական կետ, ես կարծում եմ՝ պետության դիրքերից սա շատ պրոբլեմատիկ իրավիճակի կարող է բերել»,– ընդգծել է նա։
Նախարարը նաև նշել է, որ օրենսդրական նախագծով հստակ սահմանազատված են այն հանցակազմերը, որոնք կարող են դիտարկվել որպես ոչ մեծ և միջին ծանրության հանցագործություններ։










