Արմավիրում ապօրինի արդյունահանման դեպք է բացահայտվել. պատճառվել է 2 միլիոն 700 հազար դրամի վնաս (տեսանյութ)
Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչությունում ստացվել էին օպերատիվ տվյալներ, որ սահմանափակ պատասխանատվությամբ մի ընկերություն Արմավիրի մարզի Արտաշար գյուղի վարչական տարածքում գտնվող գյուղատնտեսական նշանակության հողում առանց վարձակալության պայմանագրի արդյունահանում է ավազակոպճագլաքարային խառնուրդ։
Հետագա միջոցառումներով քրեական ոստիկանները պարզել են, որ խառնուրդը տեղափոխվում է նույն ընկերությանը պատկանող՝ Ջրարբի գյուղում գտնվող ավազի լվացման կայան և վերամշակման ու տեսակավորման փուլերն անցնելուց հետո՝ իրացվում։
Հոկտեմբերի 22-ին իրավապահների իրականացրած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում կանխվել է ապօրինի արդյունահանումը, իսկ բարձված երկու բեռնատարները տեղափոխվել են պահպանվող հատուկ տարածք։
Արմավիրի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ըստ նախնական տեղեկության՝ ընկերության անօրինական գործողությունների արդյունքում պետությանն ու համայնքին պատճառվել է շուրջ երկու միլիոն 700 հազար դրամի վնաս։
Նախաքննությունը շարունակվում է։










