Ասիայի ֆուտբոլի գավաթի խաղարկությունը հետաձգվել է գրեթե մեկ տարով

12:19 • 03.11.26

Ասիայի ֆուտբոլի կոնֆեդերացիան պաշտոնապես հայտարարել է Սաուդյան Արաբիայում կայանալիք Ասիայի գավաթի խաղարկության ժամկետները տեղափոխելու մասին։ Որոշման պատճառը Մերձավոր Արևելքում ստեղծված լարված իրավիճակն է։

Ի սկզբանե նախատեսվում էր, որ մայրցամաքային առաջնությունը կանցկացվի 2027 թվականի հունվարի 7-ից փետրվարի 5-ը։ Սակայն կազմկոմիտեի որոշմամբ մրցաշարը հետաձգվել է գրեթե մեկ տարով և կկայանա 2027 թվականի դեկտեմբերի 23-ից մինչև 2028 թվականի հունվարի 21-ը։ ԱՖԿ-ի մամուլի ծառայությունը տարածել է պաշտոնական հայտարարություն՝ պարզաբանելով հետաձգման դրդապատճառները․

«Ասիայի գավաթի կազմակերպչական կոմիտեն որոշում է կայացրել փոխել ազգային հավաքականների այս առանցքային մրցաշարի անցկացման ժամկետները՝ կապված տարածաշրջանում տիրող իրավիճակի հետևանքով առաջացած բացառիկ հանգամանքների, այդ թվում՝ լուրջ լոգիստիկ բարդությունների և տրանսպորտային հաղորդակցության խափանումների հետ։ Մրցաշարի անցկացման նոր ժամկետները կներկայացվեն ՖԻՖԱ-ի հաստատմանը։ Ստեղծված հանգամանքներն անհնարին են դարձրել մրցաշարի անցկացումը նախապես պլանավորված ժամկետներում, ինչը պահանջել է հետաձգել այն՝ ելնելով բոլոր մասնակից թիմերի, պաշտոնատար անձանց, երկրպագուների և շահագրգիռ այլ կողմերի շահերից»,- ասված է կազմակերպության հաղորդագրության մեջ։

Մրցաշարի հետաձգման հիմնական պատճառը Եմենում 2014 թվականի օգոստոսից շարունակվող զինված հակամարտության կտրուկ սրումն է հութիների և Սաուդյան Արաբիայի աջակցությունը վայելող կառավարական ուժերի միջև։ 2026 թվականի հուլիսին ապստամբները հայտարարեցին թագավորության ծովային շրջափակման մասին՝ հարձակման ենթարկելով նրան պատկանող մի քանի նավթային լցանավերի։ Օգոստոսի սկզբին «Անսար Ալլահ» շարժումը հարձակում սկսեց Եմենի հարավ-արևմուտքում, իսկ սեպտեմբերի 10-11-ին վերահսկողություն հաստատեց Մոխա նավահանգստային քաղաքի և Բաբ էլ-Մանդեբի նեղուց ելք ունեցող տարածքների նկատմամբ։ Հոկտեմբերի 4-ին Եմենի կառավարական ուժերը հայտնեցին ապստամբների վերահսկողության տակ գտնվող տարածքների ազատագրման լայնածավալ ռազմական գործողություն սկսելու մասին։

Հիշեցնենք, որ Ասիայի գավաթի խաղարկությանը մասնակցելու է 24 հավաքական, իսկ մրցաշարի գործող չեմպիոնը Կատարի ընտրանին է։

Աղբյուրը`ArmSport.am