«Տեներիֆե»-ն հանդես է եկել հայտարարությամբ՝ խաղադաշտում սրտի կանգ տարած ֆուտբոլիստի վիճակի մասին

12:12 • 03.11.26

Իսպանական Սեգունդայի 12-րդ տուրի «Տեներիֆե» – «Անդորրա» հանդիպումը վերածվել է իսկական դրամայի։ Տանտերերի հարձակվող Խեսուս դե Միգելը խաղի ընթացքում սրտի կանգ է տարել, ինչի հետևանքով հանդիպումն այդպես էլ չի հաջողվել ավարտին հասցնել։

Սարսափելի միջադեպը տեղի է ունեցել հանդիպման ավելացված ժամանակում՝ 2:2 հաշվի պայմաններում։ «Անդորրայի» դարպասապահ Խեսուս Օվոնոն դուրս է եկել տուգանային հրապարակի սահմաններից և ուժգին բախվել դե Միգելին։ Հարվածից հետո հարձակվողը հայտնվել է խոտածածկին և կորցրել գիտակցությունը։ Ֆուտբոլիստին տեղում շտապ բժշկական օգնություն է ցուցաբերվել, որից հետո նրան անմիջապես տեղափոխել են հիվանդանոց։

Կատարվածից ժամեր անց «Տեներիֆեի» մամուլի ծառայությունը X-ի իր միկրոբլոգում պաշտոնական հայտարարություն է տարածել՝ մանրամասներ հայտնելով ֆուտբոլիստի առողջական վիճակի մասին․

««Տեներիֆեի» ֆուտբոլիստ Խեսուս դե Միգելը գտնվում է Նուեստրա Սենյորա դե Կանդելարիա համալսարանական հիվանդանոցի ինտենսիվ թերապիայի բաժանմունքում։ Չնայած իրավիճակի լրջությանը՝ նրա վիճակը գնահատվում է կայուն։ Ակումբի բուժանձնակազմը գտնվում է հիվանդանոցում և պարբերաբար կտեղեկացնի հետագա փոփոխությունների մասին»,- ասված է ակումբի տարածած հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ «Տեներիֆեի» կազմում է հանդես գալիս Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսը։

Աղբյուրը`ArmSport.am