Վստահ եմ՝ դատական հեռանկար չունեցող այս գործում շուտով արդարացումներ կլսեք. Արծվիկ Մինասյանը՝ եղբոր քրգործի մասին
Ես վստահ եմ, որ դատական հեռանկար չունեցող այս գործում շուտով արդարացումներ կլսեք, կտեսնեք, գրեթե համոզված եմ դրանում, Ազգային ժողովում ասել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը՝ պատասխանելով ՔՊ-ական Լևոն Լևոնյանի հարցին, որը վերաբերում էր Մինասյանի եղբորը՝ ԵՊՀ Պատմության ամբիոնի վարիչ Էդիկ Մինասյանին առնչվող քրեական գործին:
«Ինչպե՞ս եք վերաբերվում նմանատիպ կոռուպցիոն սկանդալներին, քանի որ նաև Ձեր հարազատ եղբայրն է տվյալ անձը: Արդյո՞ք դա չի ազդելու Ձեր անաչառությանը՝ հետագա հավանական պաշտոնավարման ժամանակ»,-հետաքրքրվել է Լևոնյանը՝ նկատի ունենալով այն, որ ԱԺ «Հայաստան» և «Ուժեղ Հայաստան» խմբակցություները Մրցակցության հանձնաժողովի անդամի պաշտոնի միասնական թեկնածու առաջադրել Արծվիկ Մինասյանին:
Արծվիկ Մինասյանն ի պատասխան ասել է, որ այն, ինչ փորձ է արվում հրապարակային ներկայացվել, իրականության հետ բացարձակ կապ չունի:
«Կան բազմաթիվ ինֆորմացիաներ, որոնք նախաքննական գաղտնիք են և ես այս ամբիոնից չեմ կարող հրապարակավ ներկայացնել: Դրանց տիրապետում եմ այն հանգամանքից ելնելով, որ փաստաբանական թիմի հետ ակտիվորեն ներգրավված եմ և ոչ միայն այս, նաև այլ դրվագներով:
Ասեմ, որ ինձ էլ է այդպիսի մեղադրանք ներկայացված և ակնկալում եմ շուտով ստանալ արդարադատության այնպիսի վճիռ, որը արդարացման վճիռ կլինի, և ես պարզ ճակատով, բաց աչքերով իմ խոսքերի տերը կլինեմ»-նշել է նա:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնել էինք՝ ԵՊՀ ամբիոնի վարիչներ Վարդան Այվազյանի և Էդիկ Մինասյանի նկատմամբ կիրառվել է կալանք և տնային կալանք:











