Հեռուստաարտադրանքի մատուցման ձևը փոխվել է, բովանդակությունը՝ ոչ. ՀՌԱՀ
Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Գրիգոր Ամալյանն այսօր մամուլի ասուլիս էր հրավիրել՝ ներկայացնելու հեռուստաարտադրանքի պատրաստման համար ներդրված նոր չափորոշիչների արդյունքները, որոնք ՀՌԱՀ նախագահին բավական գոհացրել են։
Այսպես, սարսափ ֆիլմերի, սերիալների, էրոտիկ բնույթի հաղորդումների և հեռուստատեսային մի շարք հաղորդումների համար ՀՌԱՀ–ի կողմից մեկ ամիս առաջ առաջարկված չափորոշիչները կիրառել են բոլոր հեռուստաընկերությունները, թևև դրական փոփոխությունների միտումը, ըստ Ամալյանի, ավելի մեծ է «Շանթ« հեռուստաընկերությունում։
Գրիգոր Ամալյանի խոսքով, հեռուստաընկերությունները շտկել են իրենց թերությունները, և այսօր չկա այն լարվածությունը, թե հեռուստատեսությամբ հնարավոր է ականատես լինել արտառոց դրսևորումների։
Միևնույն ժամանակ, ՀՌԱՀ նախագահի խոսքով, չափորոշիչների կիրառման արդյունքում փոխվել է հեռուստատեսային արտադրանքի մատուցման ձևը, իսկ բովանդակության հարցում դեռ տրտունջներ կան։ Գրիգոր Ամալյանը, սակայն, սխալ է համարում հեռուստաընկերությունների ներկայացրած արտադրանքի բովանդակությանը միջամտելը, քանի որ կստացվի, թե կարգավորող մարմինը միջամտում է հեռուստաընկերության գործերին, նրա հեռուստատեսային քաղաքականությանը։
«Եթերային կուլտուրայի խնդիրը մեզ մոտ դեռ վերջնական լուծված չէ»,– հայտարարեց Գրիգոր Ամալյանը։ Նա ակնկալում է Հանրային խորհրդի, հասարակության լայն շերտերի առաջարկներն ու աջակցությունը հեռուստաեթերի չափորոշիչները բարելավելու համար, ինչպես նաև ոլորտի զարգացման համար նոր առաջարկների ներկայացումը։










