Սանահինի վանքի վերականգնման համար կմշակվի համալիր ծրագիր
Տիգրան Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Լոռու մարզ` Սանահինի վանական համալիր և Ալավերդի:
Վարչապետի առաջին կանգառը եղել է Սանահինի վանքում, որը ներկայումս անմխիթար, վթարային վիճակում է:
Սանահինի վանքը 2000թ. ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Համաշխարհային մշակութային արժեքների» ցանկում, որտեղ ներառված են նաև Գեղարդի, Հաղպատի վանքերը և Էջմիածնի համալիրը (Մայր Տաճարը, սբ. Հռիփսիմե, սբ. Գայանե, սբ. Շողակաթ եկեղեցիներն ու Զվարթնոց տաճարը): Վարչապետին ներկայացվել են վանական համալիրի ներկա վիճակը և առկա խնդիրները:
Տիգրան Սարգսյանը եղել է նաև Միկոյան եղբայրների տուն-թանգարանում և Ա. Միկոյանի անվան դպրոցում: Անաստաս և Արտեմ Միկոյան եղբայրներն ուշագրավ դեր ունեն ժամանակակից պատմության մեջ: 2010թ. լրանում է Անաստաս Միկոյանի ծննդյան 115 և Արտեմ Միկոյանի ծննդյան 105-ամյակը: Վարչապետն ու նրան ուղեկցող անձինք շրջել են թանգարանում և ծանոթացել ցուցադրությանը:
Ա. Միկոյանի անվան դպրոցում վարչապետը հանդիպել է մանկավարժական կոլեկտիվի և աշակերտների հետ: Դպրոցում անցկացվել է աշխատանքային խորհրդակցություն` Սանահինի վանքի վերականգնման խնդրի վերաբերյալ: Կառավարության ղեկավարը նշել է, որ Սանահինի վերականգնման համար անհրաժեշտ է համալիր ծրագիր: Նախատեսվում է ստեղծել հանձնաժողով, որի անդամները պետք է լինեն պետական համապատասխան գերատեսչություների ներկայացուցիչներ, Հայ առաքելական եկեղեցու հոգևորականներ ու մասնագետներ: Հանձնաժողովը մանրամասն կուսումնասիրի եկեղեցական համալիրի վերականգնման հարցը և եզրակացություն կներկայացնի վարչապետին:
Տիգրան Սարգսյանին ներկայացվել են նաև Սանահին գյուղական համայնքի խնդիրները: Վարչապետը հանձնարարականներ է տվել համապատասխան գերատեսչություններին: Կառավարության ղեկավարը համակարգիչ է նվիրել դպրոցին:
Ինչպես հայտնում են ՀՀ կառավարությունից, Սանահինից վարչապետ Տիգրան Սարգսյանը մեկնել է Ալավերդի:










