Հարություն Խաչատրյանը ներում է Հովհաննես Գալստյանին
«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի տնօրեն, կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանը չի կարդացել փառատոնը և նրա ղեկավարությանը քննադատող սկսնակ կինոռեժիսոր Հովհաննես Գալստյանի հոդվածը։ «Ցավոք, ես գրքեր չեմ կարդում, նամանավանդ թերթեր»,- այսօրվա ասուլիսին նշեց Խաչատրյանը։
Ըստ փառատոնի տնօրենի՝ ռեժիսորը, հավանաբար, վիրավորվել է այն պատճառով, որ երկար տարիներ չէր կարողանում ֆիլմ նկարահանել։ Բացի դրանից, ըստ Խաչատրյանի, այս պարագայում իր դերն է խաղացել նաև այն հանգամանքը, որ Գալստյանի «Խճճված զուգահեռներ» ֆիլմը չի արժանացել «Ոսկե ծիրան»-ի մրցանակին։
«Նա հիասթափվել է, որ չի ստացել մրցանակ... Աշխարհում չկա մի ռեժիսոր, որը չի կարծում, թե ինքն ամենատաղանդավորն է, իսկ իր ֆիլմը՝ ամենալավը։ Ռեժիսորները ոնց որ փոքր երեխաներ լինեն»,- ասաց Խաչատրյանը՝ նշելով, որ ժամանակին օգնել է Գալստյանին։
Խոսելով «Խճճված զուգահեռներ» ֆիլմի մասին՝ «Ոսկե ծիրան»-ի տնօրենը նշեց, որ այն վատ ֆիլմ չէ, և ինքը հավանում է այն։ «Մեր գործը ֆիլմ նկարելն է, ավելի լավ է՝ լավ ֆիլմ նկարել։ Ես ներում եմ նրան»,- եզրափակեց Հարություն Խաչատրյանը։
Նշենք, որ ասուլիսի վերջում Խաչատրյանը լրագրողների միջոցով իր շնորհավորանքը փոխանցեց Գալստյանին՝ Հյուսթոնի կինոփառատոնում մրցանակ ստանալու առթիվ։










