Գիլանն ու Այոմին կստեղծեն հատուկ խումբ՝ հայկական դպրոցի համար միջոցներ հավաքելու նպատակով

18:08 • 16.04.10

Deep Purple խմբի վոկալիստ Իէն Գիլանը հայտարարել է, որ Թոնի Այոմիի հետ կստեղծի հատուկ խումբ` Who Cares, որը ելույթներ կունենա Գյումրիի երաժշտական դպրոցի վերականգնման համար միջոցներ հավաքագրելու նպատակով:

Ինչպես հաղորդում է «Մեդիամաքս» գործակալությունը, Իէն Գիլանն ասել է այս մասին՝ պատասխանելով իր կայքի այցելուի հարցին, թե հնարավո՞ր է արդյոք Smoke on The Water երգի ռեմիքսի ձայնագրումը երկրաշարժից տուժած Հաիթիին օգնելու համար:

Deep Purple-ի խմբի վոկալիստը նշել է, որ Հայաստանի օգտին 1989թ. համաշխարհային ռոք աստղերի մասնակցությամբ ձայնագրված Smoke on The Water երգի նոր տարբերակի թողարկումը կկայանա մոտ ժամանակներս:

«20 տարի անց մենք դեռ աշխատում ենք Գյումրի քաղաքում երաժշտական դպրոցի վերականգնման համար: Գյումրին, ինչպես և Սպիտակը, ավերվել էր, այն ժամանակ 25.000 մարդ էր զոհվել, և Աստված գիտի, թե որքան վիրավոր և անօթևան մարդ էր մնացել երկրաշարժից հետո:

Մեր գործերը բավականին լավ են ընթանում, մեզ աջակցում են քաղաքական գործիչները և գործարարները: Ինձ հաջողվեց պատկառելի գումար հավաքել վերջերս Երևանում կայացած երկու բարեգործական համերգներից»,- ասել է Իէն Գիլանը:

«Մենք նաև համատեղ գաղափար ունենք Թոնի Այոմիի հետ: Վերադառնալով Հայաստանից [2009թ. հոկտեմբերին], մենք որոշեցինք գրել մեկ կամ երկու երգ և ստեղծել հատուկ խումբ` Who Cares անունով, որը ելույթ կունենա միջոցների հավաքագրման համար: Մենք դեռևս տարբերակներ ենք քննարկում` կապված խմբի կազմի հետ, սակայն կարևոր քայլն արդեն արել ենք. սկսել ենք երգեր գրել: Ես վերջերս այցելեցի Թոնիին, և մենք մեկ-երկու բավականին լավ երգեր ձայնագրեցինք: Հույս ունեմ՝ մոտ ժամանակներս մենք կձայնագրենք դրանք պատշաճ ձևով և կկարողանանք ավելի շատ միջոցներ հավաքել Գյումրիում դպրոցի վերականգնման նախագծի օգտին:

Կարծում եմ, Հաիթիին օգնելու ձեր գաղափարը հրաշալի է, քանի որ մենք բոլորս ցնցված ենք այնտեղ կատարվածի ողբերգական հետևանքներից: Միևնույն ժամանակ, ես կարծում եմ, որ ավելի լավ է իմ բոլոր ջանքերն ուղղել այնտեղ, որտեղ դրանք առավել արդյունավետ են: 20 տարի անց մենք դեռ անելիք ունենք Հայաստանում», - հայտարարել է Իէն Գիլանը: