Կաչինսկին ռուսական օդանավով տեղաշարժվող վերջին նախագահներից էր
Լեհաստանի հանգուցյալ նախագահ Լեխ Կաչինսկին նախկին Խորհրդային Միության և նախկին սոցիալիստական երկրների վերջին առաջնորդներից էր, որ խորհրդային և ռուսական արտադրության օդանավով էր տեղաշարժվում։ Այդ մասին հաղորդում է Kommersant-ը։
2007թ. Ուկրաինայի այն ժամանակվա նախագահ Վիկտոր Յուշչենկոն 60 մլն դոլարով պատվիրեց նոր Airbus A–319: Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն 2004թ. Տու-154-ը փոխարինեց 100 մլն դոլար արժողությամբ Boeing Business Jet-ով։ Մոլդովայի առաջին դեմքերը 2003–ից օգտվում էին Ռուսաստանից նվեր ստացած Յակ-40-ից, սակայն վերջերս նախընտրում են չարտերային չվերթներ։
Հայաստանի ղեկավարությունը 2007–ից սկսած օգտվում է Airbus A–319-ից, որը փոխարինել է Տու-134-ին։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը 2006թ. Տու-154-ի փոխարեն գնել է Airbus A–319։
Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը շրջագայում է Boeing 767-ով, Ղրղըզստանի այժմ արդեն նախկին նախագահ Կուրմանբեկ Բակիևը՝ ռուսների նվիրած Տու-154–ով։
Մինչև 2007թ. Չեխիայի նախագահն ու վարչապետն օգտվում էին Տու-154Մ ինքնաթիռից, այնուհետև որոշում կայացվեց երկու Airbus A–319 ձեռքբերման վերաբերյալ։ Սլովակիայի նախագահի պաշտոնական այցերի համար օգտագործվում են երկու Տու-154Մ-եր՝ 1989թ. և 1998թ. արտադրության։
Ռումինիայի առաջին դեմքերն արդեն ավելի քան 35 տարի օգտագործում են Boeing 707։Բուլղարիան դադարեցրեց Տու-154-ի շահագործումը միայն Լեհաստանի նախագահ Լեխ Կաչինսկիի ողբերգական մահվանից հետո։










