Ուկրաինացի պատմաբանները կքննարկեն Հայոց ցեղասպանությունը

15:42 • 20.04.10

Ուկրաինայում կանցկացվեն մի շարք միջոցառումներ՝ նվիրված Հայոց ցեղասպանության 95-րդ տարելիցին։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում նշեց Հայաստանում Ուկրաինայի դեսպան Ալեքսանդր Բոժկոն։

Այսպիսով, ըստ նրա, Կիևի Գոլոսիևսկի շրջանում կբացվի Ցեղասպանության զոհերի հիշատակի պուրակ, որտեղ կտեղադրվի հուշաքար։

Բացի այդ, նախատեսված է «կլոր սեղանի» անցկացում, որի ընթացքում ուկրաինացի պատմաբանները կքննարկեն Ցեղասպանության թեման»,- նշեց դեսպանը՝ հավելելով, որ սա առաջին դեպքն է, երբ նման «կլոր սեղան» է անցկացվում՝ պատմաբանների մասնակցությամբ։ Բոժկոն հավելեց, որ չի բացառվում նաև այլ երկրների պատմաբանների մասնակցությունը քննարկմանը։

Դեսպանը հավելեց, որ համանման միջոցառումներ կանցկացվեն նաև մարզերի մշակութային կենտրոններում։

«Ուկրաինայում բնակվում է 300-500 հազ. հայ։ Հայկական մարզային կենտրոններից յուրաքանչյուրը յուրովի կնշի այդ տարելիցը»,- եզրափակեց Բոժկոն։