Ձեռքս ճար լիներ՝ մանկավարժական համալսարանը կփակեի. Բախշյան

14:12 • 20.04.10

Հայաստանում հանրակրթության որակի անկման առաջին պատճառն ուսումնական ծրագրերն են, որոնք գրվում են մասնագիտական խմբերի կողմից և ավելի շատ գիտական են, քան հարմարեցված դպրոցականների տարիքին։ Այս կարծիքն այսօր հայտնեց «Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Անահիտ Բախշյանը՝ անդրադառնալով Գնահատման և թեստավորման կենտրոնի վերջերս անցկացրած ընթացիկ գնահատման արդյունքներին։

«Ծրագրերը գրվում են անհամապատասխան լեզվով, բարդ դարձվածքներով և անհասկանալի ձևակերպումներով, որոնք չեն հասնում երեխաներին»,- ընդգծեց Բախշյանը։

Պատգամավորի խոսքով՝ կրթության վատ որակի պատճառը ուսումնական ծրագրերն են։ Դրանց կառուցվածքն, ըստ նրա, այսօր այնպիսին է, որ միջին դպրոցներում նախկին 12 առարկաների փոխարեն այսօր դասավանդվում է 18-ը նույն ժամաքանակում։ «Ստացվում է՝ նույն ինֆորմացիան աշակերտին է ներկայացվում ավելի քիչ ժամանակում»,- ասաց Բախշյանը։

Հաջորդ կարևոր պատճառը, պատգամավորի խոսքով, Երևանի մանկավարժական համալսարանն է, որն «ամեն ինչ արել և անում է, որ մեր հանրակրթությունը որակազրկվի»։

«Այսօր համալսարանի դասախոսական կազմը՝ ի դեմս ռեկտորի, որևէ քաղաքացիական ջանք չի ներդնում՝ հանրակրթությանը լավ ուսուցիչներ տալու համար։ Ձեռքս ճար լիներ՝ մանկավարժական համալսարանը կփակեի»,- հայտարարեց «Ժառանգության» պատգամավորը։