Gmail-ը կոտրել են

09:33 • 21.04.10

Google-ի էլփոստի ծառայության՝ Gmail-ի բազմաթիվ օգտատերեր (comScore-ի տվյալներով՝ ամսական 117 մլն անհատական գործածող) հայտնաբերել են, որ իրենց էլհասցեներից սփամ նամակներ են ուղարկվում ինտերնետային ինչ-որ դեղատան գովազդով։
Պարզվում է` փոստարկղ ներխուժում են աշխարհի տարբեր երկրներից ու Gmail-ի բջջային տարբերակի միջոցով։ Ի դեպ` վերջերս Google-ը նոր ծառայություն էր թողարկել, որը օգտատերերին զգուշացնում էր այն դեպքերում, երբ փոստարկղ բջջայինից մուտք էին գործում օգտատիրոջ բնակավայրից տարբերվող երկրում։
Google-ի էլեկտրոնային փոստարկղերը կոտրելու շուրջ առաջին բողոքները Gmail-ի տեխաջակցության ֆորումներում հայտնվեցին դեռևս ապրիլի սկզբներին։ Այժմ այդպիսի քննարկումների թիվը գերազանցում է մի քանի տասնյակը։ Twitter միկրոբլոգային ծառայությունում, ռուսական «Վեդոմոստիի» փոխանցմամբ, Kaspersky Lab-ն այս թեմայի շուրջ արդեն մի քանի հազար գրառում են հաշվել։

Gmail-ի տեխաջակցության ֆորումի աշխատակիցն ընդունել է, որ նման խնդիր իրոք գոյություն ունի, և տեղեկացրել, որ «ընկերությունում ուսումնասիրում են իրավիճակը»։ Պաշտոնական հաղորդագրություն այս թեմայի շուրջ Google-ն առայժմ չի տարածում։ Ֆորումում ընկերության աշխատակիցները փոստարկղերի օգտատերերից փորձում են պարզել, թե արդյոք նրանք վերջին շրջանում PDF նիշքեր չեն բացել, կամ որ ծառայություններում են օգտագործում Gmail-ի գաղտնաբառը, արդյոք կասկածելի նամակներ չեն ստացել իբր թե Google-ից։

Gmail-ի հազարավոր փոստարկղեր կոտրելը մեծ իրադարձություն է Google-ի համար ու աննախադեպ ընկերության պատմության ընթացքում։ Gmail-ն ամենահուսալի փոստային համակարգերից է, թեև վիրտուալ փոստարկղերը, ընդհանուր առմամբ, հաճախ են կոտրվում։

Ինչպես գրում է «Կապիտալ» օրաթերթը, ռուսական Yandex-ում, Rambler-ում ու Mail.ru-ում հավաստիացրել են, որ իրենց փոստարկղերը մինչև այժմ «զանգվածային կերպով չեն կոտրել»։ Սակայն քիչ չեն դեպքերը, երբ օգտատերն ինքն է իր գաղտնաբառը ուրիշներին փոխանցում։

Ռունետի ամենախոշոր «կոտրվածքը» նախորդ ամռանն էր։ Հակերներին հաջողվել էր «ձեռք գցել» V Kontakte հասարակական ցանցի 130 հազար գաղտնաբառ։