Իսլանդիայում երկրորդ հրաբուխը կարող է արթնանալ
Էյաֆյատլայոկուդլ հրաբուխը կարող է հրահրել մեկ այլ իսլանդական հրաբուխի` Կատլայի ժայթքումը։ Այս մասին հաղորդում է Associated Press-ը։
Եթե դա տեղի ունենա, ապա ժայթքումը 10 անգամ ավելի ուժգին կլինի, ինչի հետևանքով կարող է արտանետվել ավելի մեծ ծավալի հրաբխային մոխիր, քան ներկայում է արտանետվում։
Նշենք, որ երկու հրաբխային սարերը գտնվում են իրարից 20 կմ հեռավորության վրա։ Գիտնականների կարծիքով՝ դրանք մագմատիկ կապ ունեն։ Առայժմ Կատլան ակտիվության նշաններ ցույց չի տալիս։
Այդուհանդերձ, Կատլա հրաբխի մերձակա բնակավայրերից բնակիչների տարհանման ծրագիր է մշակվում։
Կատլան վերջին անգամ ժայթքել է 1955թ.։ Մասնագետների խոսքով՝ այդ հրաբուխն արթնանում է միջինը 80 տարին մեկ անգամ։










