Բազմաթիվ միջազգային մրցույթների դափնեկիրը համերգ կտա Երևանում
Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը ապրիլի 30-ին, ժամը 20:30-ին տեղի կունենա համերգ՝ «20-ՐԴ ԴԱՐԻ և ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԴԱՇՆԱՄՈՒՐԱՅԻՆ ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԵՐԳԱՇԱՐ» խորագրով։ Համերգին Հայկ Մելիքյանի կատարմամբ կհնչի ֆրանսիական երաժշտություն, մասնավորապես, Կ.Դեբյուսիի, Մ.Ռավելի, Մ.Օհանայի, Օ.Մեսիանի, Մ.Կարսկու, Պ.Դյուսապենի, Ֆ.Պուլենկի և Պ.Բուլեզի ստեղծագործությունները:
Հայկ Մելիքյանը բազմաթիվ միջազգային մրցույթների և փառատոնների դափնեկիր է: 2000թ. Հռոմում կայացած Premio Valentino Bucchi միջազգային մրցույթում 2-րդ մրցանակին արժանանալուց և դրան հաջորդած մի շարք հաղթանակներից հետո (այդ թվում՝ 2008թ. Ֆրանսիայի Օրլեան քաղաքում կայացած դաշնամուրային մրցույթում Սամսոն Ֆրանսուայի անվան հատուկ մրցանակը) դաշնակահարի նվագացանկը համալրվեց գլխավորապես 20-րդ դարի և ժամանակակից դասական երաժշտությամբ և այսօր Հայկ Մելիքյանը այս դարաշրջանների երաժշտության Հայաստանի լավագույն կատարողներից մեկն է: Նա պարբերաբար հանդես է գալիս Հայաստանի, Ֆրանսիայի, Բելգիայի, Նիդերլանդների, Գերմանիայի, Իտալիայի, ինչպես նաև Ճապոնիայի և Մեքսիկայի ամենահայտնի դահլիճներում: Հայկ Մելիքյանի նախաձեռնությամբ 2009թ. հոկտեմբերից Երևանում մեկնարկեց «20-րդ դարի և ժամանակակից համաշխարհային դաշնամուրային երաժշտության համերգաշար» նախագիծը, որի նպատակն է հայ ունկնդրին ներկայացնել աշխարհի ժողովուրդների 20-րդ դարի և ժամանակակից ակնառու կոմպոզիտորների դաշնամուրային ստեղծագործությունները:










