Հայոց ցեղասպանությունն արտասահմանյան մամուլի առաջին էջերին. ցուցահանդես

14:33 • 22.04.10

Այսօր Հայոց ցեղասպանության թանգարանում բացվեց «Հայոց ցեղասպանությունն արտասահմանյան մամուլի առաջին էջերին» խորագրով ժամանակավոր ցուցադրություն, որտեղ զետեղված են արտասահմանյան հնատիպ և ժամանակակից մամուլի մոտ 60 բնօրինակներ և կրկնօրինակներ։

Ինչպես նշեց Հայոց ցեղասպանության թանագարան–ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը, հայկական կոտորածները մշտապես եղել են արտասահմանյան մամուլի ուշադրության կենտրոնում։ «Այս թեման ևս մեկ փաստարկ է՝ հերքելու Թուրքիայի ժխտողական քաղաքականությունը»,- նշեց նա։

Ներկայացված անգլիական, ֆրանսիական, ամերիկյան, իտալական հրապարակումները լուսանկարային և պատկերային կարևոր տեղեկություններ են պարունակում հայերի դեմ իրագործված Ցեղասպանության, դրա ընթացքի և հետևանքների մասին։ Ներկայացնելով ցուցադրությունը՝ Դեմոյանը նշեց, որ արտասահմանյան մամուլի առաջին էջերում ներկայացված էին ոչ միայն հոդվածներ, այլ նաև Ցեղասպանության առաջին լուսանկարները։ Հոդվածների աղբյուր են հանդիսացել ոչ միայն կայսրությունից արտագաղթած հայերի և Հայոց ցեղասպանության վերապրողների վկայությունները, այլև օտարերկրյա դիվանագետների, միսիոներների, լրագրողների և այլ անձանց հաղորդած տեղեկությունները։

Նշենք, որ նմանատիպ շարժական ցուցադրություն, որտեղ ներկայացված կլինեն միայն հրապարակումների կրկնօրինակները, կներկայացվի տարբեր երկրներում։