Այսօր Ցեղասպանությունն ուսումնասիրողների մեծ մասը թուրքեր են. Դեմոյանը վտանգ է տեսնում

15:29 • 23.04.10

Արտասահմանում Հայոց ցեղասպանությունն ուսումնասիրողների մեծ մասը թուրքեր են։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայոց ցեղասպանության թանգարան–ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը։

Ըստ Դեմոյանի՝ արտասահմանյան բուհերում Ցեղասպանության թեմայով թեզեր են պաշտպանում բազմաթիվ թուրք ուսանողներ, և նրանց մեջ չկա որևէ հայ ուսանող։

«Իսկ նրանք ապագա գիտնականներ են, դա շատ լավ մշակված ռազմավարություն է», – ասաց նա՝ նշելով, որ Ցեղասպանությանն առնչվող ամբիոնների ղեկավարները նույնպես թուրքեր են։

Դեմոյանը հավելեց, որ այսօր հայ գիտնականներին փոխարինող նոր սերունդ չկա։

«Լուրջ վտանգ կա. 15–20 տարուց Հայոց ցեղասպանությունը կարող է դառնալ միայն պատմական իրողություն», – եզրափակեց նա։