Հայոց ցեղասպանության թանագարան-ինստիտուտի տարածքը կընդլայնվի
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն արդեն մշակել է իր ցուցադրական հատվածի ընդլայման նախագիծը։ Այս մասին այսօր լրագրողներին հայտնեց թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը։
Այսպիսով, նոր նախագծով նախատեսվում է ընդլայնել լրացուցիչ ցուցադրությունների տարածքը, առանձնացնել ցուցասրահ գեղարվեստական գործերի համար, ստեղծել համակարգչային սրահ, որտեղ այցելուները հնարավորություն կունենան ծանոթանալ թվայնացված նյութերի հետ։ Դեմոյանը նշեց, որ անհրաժեշտ են նաև գիտաժողովներ անցկացնելու և ֆիլմեր դիտելու համար դահլիճներ, նաև գրախանութ-սրճարան։
Դեմոյանը հավելեց, որ անցած տարի, երբ ՀՀ նախագահն ապրիլի 24–ին այցելեց թանգարան, միասին մտքեր փոխանակեցին նոր ծրագրերի շուրջ։ «Այս տարի, թերևս, առիթ կլինի ներկայացնել այս նախագիծը»,- ասաց նա։
Տնօրենը նաև կարևոր է համարում հուշահամալիրի և թանգարանի հիմնանորոգումը։ Նշենք, որ այս երկու խնդիրները կներկայացվեն Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հետ կապված հատուկ պետական հանձնաժողովին։










