ԵրՖԻ-ի բազայի վրա կստեղծվի Ազգային գիտական լաբորատորիա
Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ՌԴ Դուբնայի Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի (ՄՀԻՄ) Ֆլյորովի անվան միջուկային ռեակտորների լաբորատորիայի գիտական ղեկավար, ՌԴ ԳԱ ակադեմիկոս Յուրի Հովհաննիսյանին։
Ողջունելով մեր անվանի հայրենակցին` Սարգսյանն ասել է. «Մենք հպարտանում ենք Ձեզանով և արտերկրում հաջողության հասած մեր ժողովրդի բոլոր զավակներով և կարծում ենք, կարող եք օգտակար լինել մեր Հանրապետությանը»: Նա շնորհավորել է գիտնականին` վերջին ձեռքբերումների առթիվ և նշել, որ Հայաստանում անթաքույց ուրախությամբ էին հետևում, թե ինչպես է նա ամբողջ աշխարհին պատմում այդ հաջողության մասին:
Սերժ Սարգսյանն ու անվանի գիտնականը քննարկել են Հայաստանի և ՄՀՄԻ-ի միջև հետագա համագործակցության զարգացման հարցեր, անդրադարձել Երևանի ֆիզիկայի ինստիտուտի (ԵրՖԻ) հետ իրականացվող ծրագրերին։
Ակադեմիկոս Հովհաննիսյանն ասել է, որ Դուբնայի Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի հետ համագործակցության նոր փուլ է սկսվել, որը նախատեսում է ԵրՖԻ-ի բազայի վրա Ազգային գիտական լաբորատորիայի ստեղծում:










