Երևանում բացվում է Հարություն Գալենցի թանգարանը

17:48 • 26.04.10

Երեքշաբթի կբացվի նկարիչ Հարություն Գալենցի երևանյան թանգարանը։ Թանգարանի բացումը կապված է երկու հոբելյանների՝ Հարություն Գալենցի 100-ամյակի և նրա կնոջ՝ Արմինե Գալենցի 90-ամյակի հետ։ Այս մասին այսօրվա ասուլիսին հայտնեց ՀՀ մշակույթի նախարարության ժամանակակից արվեստի վարչության պետ Սոնա Հարությունյանը։

Հիշեցնենք, որ թանգարանը կառուցվել է 2002-2009թթ. վարպետների տուն-արվեստանոցի հիմքի վրա։

Ըստ վարչության պետի՝ թանգարանի երկու հարկերում կցուցադրվեն ինչպես Գալենցի, այնպես էլ նրա կնոջ աշխատանքները։ Ցուցադրանքում կընդգրկվեն 200 գեղանկարչական և 200 գծագրական աշխատանքներ։

Գալենցը ծնվել է 1910թ. Քյուրուն քաղաքում։ Հայոց ցեղասպանությունից մազապուրծ ապագա նկարիչը հայտնվել է Հալեպում, իսկ 1930-ականներին տեղափոխվել Բեյրութ, 1946թ.՝ վերջնականապես հաստատվել Հայաստանում։