Երեխաների ունակությունները զարգացնող խաղեր և նյութեր՝ մանկական գրադարանում

09:52 • 28.04.10

Ապրիլի 29-ին Խնկո-Ապոր անվան գրադարանում կբացվի «Միասին խթանենք կրթության որակը, հասանելիությունը և մատչելիությունը» խորագրով ցուցահանդեսը:

Այն կազմակերպել է «Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպությունը ՀՀ կրթության և գիտության նախարարության հետ համատեղ և Բաց հասարակության ինստիտուտի (Բուդապեշտ) աջակցությամբ:

Ցուցահանդեսին կմասնակցեն ՀՀ ԿԳՆ կրթության ազգային ինստիտուտը, հանրապետական մանկական վերականգնողական կենտրոնը, IREX-ի հայաստանյան ներկայացուցչությունը, «Քայլ առ քայլ», «Հավատ» կազմակերպությունները, «Նոյյան տապան» գրախանութը, «Մանկան» խաղալիքների խանութը և այլն:

Ավելի քան 50 կազմակերպություն կներկայացնեն կրթական նյութեր, բուկլետներ, տեսանյութեր, մասնագետների կողմից մշակված և կազմված կրթական ծրագրեր, երեխաների ունակություններն ու հմտությունները զարգացնող խաղեր, դիդակտիկ նյութեր և այլն:

Ցուցահանդեսը կգործի մինչև մայիսի 1-ը: