Ակնկալվող անակնկալ Հայկ Մելիքյանից

14:54 • 28.04.10

Ապրիլի 30–ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի կունենա երիտասարդ դաշնակահար Հայկ Մելիքյանի «20–րդ դարի ժամանակակից համաշխարհային դաշնամուրային երաժշտության համերգաշարի» երկրորդ համերգը։ Այս անգամ Մելիքյանի կատարմամբ կհնչի ֆրանսիական երաժշտություն՝ Կ. Դեբյուսիի, Մ. Ռավելի, Պ. Բուլեզի և այլ կոմպոզիտորների ստեղծագործությունները։

Լրագրողների հետ հանդիպմանը դաշնակահարը նշեց, որ Հայաստանում համաշխարհային երաժշտության ներկայացման հարցը բաց է մնում։ «Տարբեր համերգներում կատարում էի ժամանակակից ստեղծագործություններ, որոնք մեզ մոտ հնչում էին առաջին անգամ։ Այսպիսով, միտք ծագեց՝ ներկայացնել արդի երաժշտությունն ամբողջական»,- համերգաշարի նպատակը պարզաբանեց դաշնակահարը։

Նշենք, որ համերգաշարը շարունակական է լինելու։ Մելիքյանի խոսքով՝ մի քանի տարvա ընթացքում հայ ունկնդրին հնարավորություն է ընձեռnվում ծանոթանալ համաշխարհային երաժշտության հետ։ Այսպիսով՝ առաջիկայում Մելիքյանի կատարմամբ կհնչի նաև ժամանակակից իտալական, ճապոնական, վիետնամական և այլ երաժշտություն։

Tert.am–ի թղթակիցը հետաքրքրվեց Մելիքյանից, թե որ ազգի երաժշտությունն է ավելի հոգեհարազատ իրեն։ «Բոլորն էլ հոգեհարազատ են, բոլոր կոմպոզիտորներն էլ յուրովի են մտածում։ Իմ նպատակն է՝ ինչ–որ բան քաղել և նրանց ասելիքը փոխանցել ունկնդրին», – ասաց երիտասարդը։

Նշենք, որ բացի փայլուն դաշնակահար լինելուց Հայկը նաև ստեղծագործում է։ Համերգներից ազատ ժամանակ նա տրվում է իր հեղինակային մտքին։ «Ես պետք է միայնակ լինեմ իմ գործիքի և հեղինակային մտքի հետ»,– նշեց նա։

Իր հերթին, համերգի համակազմակերպիչներից մեկը՝ Ալեքսանդր Հակոբյանը, լրագրողների համար բացահայտեց կայանալիք համերգի անակնկալներից մեկը։ Ըստ Հակոբյանի՝ ապրիլի 30–ի համերգի եզրափակիչ հատվածում կլինեն իմպրովիզներ՝ ակնկալվող անակնկալ: