Գիտնականները դժգոհ են վարչապետի ելույթից
ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտրոսյանն այսօրվա ասուլիսում դժգոհեց ակադեմիայի տարեկան ժողովում վարչապետի ելույթից: «Վարչապետի ելույթն այս տարի մի քիչ ավելի խիստ էր: Նա շատ էր կենտրոնացել գիտական արդյունքների առևտրայնացման վրա»,- իր դժգոհությունը չթաքցրեց Մարտիրոսյանը: Այնուամենայնիվ, հաջորդ պահին նա արդարացրեց վարչապետին. «Դե վարչապետն ուրիշ էլ ինչ պետք է ասեր, ի պաշտոնե պետք է այդպես ասեր»:
Նշենք, որ վարչապետն իր ելույթում նաև ասել էր. «Այլևս տեղին չէ, երբ ԳԱԱ-ն բարձրացնում է խնդիրներ: Եկել է ժամանակը, որ ԳԱԱ-ն պատասխանի առկա հարցերին»:
Tert.am-ի այն հարցին, թե համաձա՞յն է ԳԱԱ նախագահը վարչապետի հնչեցրած մտքերի հետ, և պատրա՞ստ է առկա խնդիրներին լուծումներ տալ սուղ ֆինանսավորման պայմաններում` Մարտիրոսյանը պատասխանեց. «Վարչապետն էլ չճշտեց, թե ինչ հարցերի մասին է խոսքը»:
Միաժամանակ, ԳԱԱ նախագահը հավելեց. «Իհարկե պատրաստ ենք խնդիրները լուծել, մենք ունենք Գիտության զարգացման հայեցակարգ»:










