Բարի եղեք մրցույթի կարգով գրավել նախատեսված տեղերը. ԿԳ փոխնախարարը՝ ուսանողներին

15:28 • 29.04.10

Ասպիրանտուրայի և մագիստրատուրայի տեղերի կրճատման դեմ բողոքող ցույցի մասնակիցներին՝ ուսանողներին, ընդունել են ՀՀ կրթության նախարարությունում։ Այս մասին այսօր կայացած ասուլիսում ասաց ԿԳ փոխնախարար Արա Ավետիսյանը։ «Երկրորդ փորձից հետո ստացվեց կազմակերպել այդ ցույցը, որին մասնակցեց 20–30 ուսանող։ Մենք հանդիպեցինք նախաձեռնող խմբի հետ։ Կարծում եմ՝ հարցադրումներն անհրաժեշտ է անհապաղ քննարկել», – պարզաբանեց նա։

Ինչ վերաբերում է ասպիրանտուրայում և մագիստրատուրայում սովորելու տեղերը կրճատելու կառավարության որոշմանը՝ Ավետիսյանը նշեց, որ այդ տեղերի թիվը, ըստ էության, չի կրճատվել, այլ կրճատվել է միայն տարկետման իրավունքով տեղերի թիվը։

Այսպիսով, ըստ փոխնախարարի՝ 2010–2011 ուսումնական տարվա համար և՛ մագիստրարտուրայում, և՛ ասպիրանտուրայում տրամադրված ընդհանուր տեղերն ավելին են, քան 2009–2010 ուսումնական տարվա։

Ինչ վերաբերում է այն հարցին, թե ինչու են պակասում անվճար և տարկետումով տեղերը, փոխնախարարը պատասխանեց.

«Անցյալ տարվա հետ համեմատ՝ այս կարգավիճակում ուսանելու տեղերի թիվը կրճատվել է։ Երբ ընդհանուր հասարակական գործունեության մեջ արտոնություն, առավելություն է սահմանվում, այն քիչ հիմնավորված է լինում», – ասաց նա, նշելով, որ կրթությունը պետք չէ կապել բանակից տարկետման իրավունքի հետ։ Նա հավելեց, որ կառավարության որոշումը իրավական, սոցալական իրավունքի հավասարություն տեսակետից ավելի ըմբռնելի է։

«Բարի եղեք մրցույթի կարգով գրավել նախատեսված տեղերը և շարունակել կրթությունը հետբուհական համակարգում», – եզրափակեց նա։