Ռուսաստանում կարգելեն երթևեկել հին ավտոմեքենաներով

15:08 • 30.04.10

2012թ. Ռուսաստանի կառավարությունը մտադիր է արգելել 20 տարեկան և ավելի հին մարդատար ավտոմեքենաների կոմերցիոն շահագործումը։ Այս մասին ասվում է ռուսական ավտոարդյունաբերության զարգացման ռազմավարությունում, որն անցյալ շաբաթ ստորագրել է ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարար Վիկտոր Խրիստենկոն։

Տասնամյա ծրագրի նպատակն է բարելավել ռուսական ավտոարդյունաբերության և ավտոպարկի վիճակը։ Ըստ այդ փաստաթղթի, տասը տարի հետո Ռուսաստանում արտադրվելու է տարեկան 3 միլիոն 150 հազար ավտոմեքենա։ Ընդ որում, ներմուծումը նախատեսվում է կրճատել՝ ներկայիս 60 տոկոսի փոխարեն հասցնելով 20 տոկոսի։
Նախատեսվող ներդրումները կկազմեն 584 միլիարդ ռուբլի։ Մասնագետների կարծիքով՝ կառավարությունում փաստաթղթի քննարկումը ձևական բնույթ է ունենալու, քանի որ այն արդեն ստացել է բոլոր մյուս նախարարությունների հավանությունը։