Բնապահպաններն ահազանգում են իշխանությունների հանցավոր անտարբերության մասին (ֆոտոշարք)
Թեղուտի պաշտպանության խմբի անդամ Մարիամ Սուխուդյանն ու լրագրող Էդիկ Բաղդասարյանն այսօրվա ասուլիսին անդրադարձան Նուբարաշենի թունաքիմիկատների գերեզմանոցի խնդրին` այս ուղղությամբ պատկան մարմինների ցուցաբերած անգործությունը որակելով հանցագործություն: Նրանք ասուլիսի էին եկել հակագազով և տոպրակի մեջ լցված թունաքիմիկատներով:
«Սա հանցագործության մասին հաղորդում է, Հայաստանում աղետ է տեղի ունենում, սակայն ոչ ոք չի արձագանքում»,- ասացին բանախոսները` հույս հայտնելով, որ Ազգային անվտանգության ծառայությունը, Գլխավոր դատախազությունն ու ոստիկանությունը խնդրին ուշադրություն կդարձնեն:
Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ այս հարցի առնչությամբ կազմակերպված ասուլիսում արտակարգ իրավիճակների նախարարության մասնագետները փորձում էին խնդիրը մեղմ ներկայացնել:
Վերջերս անհայտ անձինք տրակտորով քանդել են թունաքիմիկատների գերեզմանոցը, ինչպես արտակարգ իրավիճակների նախարարությունն է ներկայացնում, գանձեր որոնելու պատրվակով: Շուրջ 2 մետր խորությամբ հողի ծածկույթը փորվել է, արդյունքում թունաքիմիկատները հայտնվել են դրսում` վտանգելով ինչպես շրջակա միջավայրը, այնպես էլ մարդկանց առողջությունը:
Գերեզմանոցի տարածք այցելած Մարիամ Սուխուդյանը պատմեց, որ ընդամենը 20 րոպե այնտեղ մնալով` իր ինքնազգացողությունը կտրուկ վատացել է, շնչառությունը` փակվել:
«Թունաքիմիկատները լցվում էին ջրի խողովակների մեջ և կոկտեյլի վերածվելով` հոսում արոտավայրեր: Տարածքում արածում էին կովեր, որոնց միսը, կաթն ու մածունը, մեր հարցումների արդյունքում պարզվեց, որ վաճառվում են Երևանի խանութներում»,- նշեց Սուխուդյանը:
Նշենք, որ տարածքում գտնվում են Ջրաշեն, Ողջաբերդ և Գեղադիր համայնքները, որոնց բնակիչներին, ըստ Էդիկ Բաղդասարյանի, արտակարգ իրավիճակների նախարարությունը պետք է անհապաղ տարհանի:
Թեև նախորդ շաբաթ արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտարարեց, որ գերեզմանոցից դուրս եկած թունաքիմիկատները հողով ծածկելու համար ՀՀ կառավարությունը որոշել է հատկացնել շուրջ 30 մլն դրամ, Բաղդասարյանը նշում է, որ դրամական հատկացման վերաբերյալ որևէ փաստաթուղթ չկա: «Սա ավելի մեծ աղետ է, քան որևէ հանցագործություն: Անգամ մի բարձրաստիճան պաշտոնյա է ինձ զանգահարել և խնդրել հարցը բարձրացնել: Ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ այդտեղ շատ վտանգավոր նյութեր կան, որոնք կարող են բացասաբար ազդել մարդկանց առողջության վրա` առաջացնելով ուռուցքային և հոգեկան հիվանդություններ»,- նշեց Բաղդասարյանը: Ըստ նրա` արտակարգ իրավիճակների նախարարությունը չի գիտակցում խնդրի լրջությունը, իսկ բնապահպանության նախարարությունն ընդհանրապես թունաքիմիկատների գերեզմանոցի գտնվելու վայրը չգիտի:
«Եթե առաջիկա 2 օրերին այս հարցը չլուծվի, պետք է պահանջենք բնապահպանության նախարարի հրաժարականը»,- նշեց Բաղդասարյանը:
«Սա քիմիական զենք է` ուղղված ժողովրդի դեմ: Եթե քայլեր չեն ձեռնարկվում, մեզ մնում է ենթադրել, որ միտումնավոր բնաջնջում է կատարվում»,- եզրակացրեց Սուխուդյանը:
Նշենք, որ թունաքիմիկատների գերեզմանոցում 1976-ից թաղված է 510 տոննա թունաքիմիկատ: Դրանցից 300 տոննան կայուն քլորօրգանական նյութերն են, որոնք, ըստ Ստոկհոլմի կոնվենցիայի, անպայման պետք է ոչնչացվեն: Գերեզմանոցը գտնվում է ակտիվ սողանքային գոտում:














