Բնապահպանության նախարարին մտահոգո՞ւմ է թունաքիմիկատների գերեզմանոցը
ՀՀ բնապահպանության նախարարության կենսառեսուրսների կառավարման գործակալության բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարման բաժնի պետ Արամ Աղասյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը, պատասխանելով Նուբարաշենի թունաքիմիկատների գերեզմանոցի վերաբերյալ հարցին, վստահեցրեց, որ խնդիրը գտնվում է բնապահպանության նախարարի ուշադրության կենտրոնում: «Իրավիճակը նախարարին մտահոգում է, նա տեղյակ է և զբաղվում է այդ խնդրով»,- ասաց Աղասյանը: Նշենք, որ նախօրեին Թեղուտի պաշտպանության խմբի անդամ Մարիամ Սուխուդյանն ու լրագրող Էդիկ Բաղդասարյանն այս առնչությամբ անգործության մեջ էին մեղադրել բնապահպանության նախարարին` նշելով, որ պատրաստվում են պահանջել նրա հրաժարականը:
Հանուն մարդկային կայուն զարգացման ասոցիացիայի նախագահ Կարինե Դանիելյանը ահազանգեց, որ թունաքիմիկատների գերեզմանոցը լրջորեն կարող է վնասել շրջակա միջավայրը, աղտոտվում են մակերեսային և ստորգետնյա ջրերը:
Ասուլիսին ներկա բնապահպանները ծիծաղեցին՝ լսելով Արտակարգ իրավիճակների նախարարության այն պատճառաբանությունը, թե գերեզմանոցը գանձեր որոնելու նպատակով են քանդել:
«Ալավերդիի մկնդեղի գերեզմանոցն էլ էին քանդել, որոշ մարդիկ լուրեր էին տարածել, թե ոսկի կար»,- ասաց Դանիելյանը:
Ըստ նրա` Հայաստանում թունաքիմիկատների մի քանի լքված գերեզմանոցներ կան, որոնցով ոչ մի գերատեսչություն չի զբաղվում: «Աշխատանքի թերացման արդյունք է սա, համակարգային խնդիր կա, տարբեր գերատեսչություններ միմյանց հետ չեն համագործակցում»,- ասաց բնապահպանը:










