Գնորդները սկսել են նախընտրել սմարտֆոնները
Բջջային հեռախոսների համաշխարհային արտադրողների առաջին հնգյակում առաջին անգամ պատմության մեջ ընդգրկվել է Research In Motion (RIM) ընկերությունը։ Վերլուծաբանների կարծիքով՝ սա պատահական չէ ու արտացոլում է շուկայական միտումը՝ սովորական հեռախոսների փոխարեն գնորդներն ավելի հաճախ նախընտրում են սմարտֆոններ, որոնք ինտերնետի դարաշրջանում ավելի լայն հնարավորություններ են առաջարկում։
2010թ. առաջին եռամսյակում Research In Motion-ը չորրորդն է սմարտֆոնների ու բջջայինների արտադրության համաշխարհային խոշորագույն ընկերությունների ցանկում։ 2010թ. առաջին երեք ամիսներին կանադական ընկերությունն իրացրել է 10,6 մլն BlackBerry՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ մատակարարումների ծավալն ավելացնելով 45,2%-ով։ Սա թույլ է տվել քանակային արտահայտությամբ գրավել շուկայի 3,6%-ը։
Համաշխարհային բջջային լավագույն հնգյակում RIM-ին հայտնվել օգնել է Motorola-ն, որի վաճառքները նախորդ եռամսյակում կտրուկ նվազել են։ Motorola-ն 2,1 մլն բջջային ավելի քիչ է իրացրել, քան RIM-ը՝ արդյունքում լավագույն հնգյակում իր տեղը զիջելով մրցակցին։
Կրճատվել են նաև Sony Ericsson-ի վաճառքները՝ 27,6%-ով՝ մինչև 10,5 մլն բջջային, ինչը միայն 100 հազ-ով է քիչ RIM-ի ցուցանիշից։ Հենց այս 100 հազ-ն էլ վճռորոշ էր կանադացիների չորրորդ հորիզոնականի համար։
2010թ. առաջին երեք ամիսներին, տարեկան կտրվածքով, աճել են հնգյակի մյուս երեք մասնակիցների՝ Nokia-ի, Samsung-ի ու LG-ի վաճառքները։
Բջջային հեռախոսների, ներառյալ՝ սմարտֆոնների, համաշխարհային վաճառքները հունվարից մարտ աճել են 21,7%-ով՝ մինչև 294,9 մլն հեռախոս՝ համեմատ 2009թ. նույն ժամանակահատվածի 242,4 մլն-ի։ Համեմատության համար նշենք, որ 2009թ. առաջին եռամսյակում տարեկան կտրվածքով նույն ցուցանիշը կրճատվել էր 16,6%-ով։ 2009-ը շուկան կրկին փակել էլ կրճատումով. վաճառքները նվազել էին 4,5%-ով։ Այս մասին գրում է «Կապիտալ» օրաթերթը։










