Google-ը կկանխատեսի ապագան
Google-ի վենչուրային՝ Google Ventures ստորաբաժանումը ներդրումներ է կատարել Recorded Future ընկերությունում, որը մասնագիտանում է ապագա իրադարձությունների կանխատեսումներում։ «Կանխագուշակի» անունը ներառված է Google Ventures-ի կողմից նախորդ տարվա ընթացքում ձեռք բերված ակտիվների ցանկում, որը հրապարակված է վերջինիս կայքէջում։
Ամերիկյան Բոստոնում ու Շվեյցարիայում տեղակայված Recorded Future-ը զբաղվում է նորությունների, լրահոսի, բլոգներում գրառումների ավտոմատ վերլուծությամբ՝ զտելով սպասվող իրադարձությունների մասին հատվածները։ Դրանք, հետագայում, խմբավորվում ու մշակվում են։
Ծառայությունից օգտվողը կարող է գծագիր կառուցել, որում արտացոլվելու են այս կամ այն ոլորտին վերաբերող ապագա կամ սպասվելիք իրադարձությունները։
Ծառայությունը հնարավորություն ունի նաև օգտվողներին տեղեկացնել նրանց հետաքրքրող ոլորտում տեղի ունեցող կամ վերջին իրադարձությունների մասին։ Recorded Future-ի թիրախային լսարանը առաջին հերթին ֆինանսական ու ոլորտային վերլուծաբաններն են, լրագրողները, քաղաքական ու PR քարոզարշավների մասնագետները։
Ընկերությում կատարված ներդրման ծավալը հայտնի չէ։ Recorded Future-ում հրաժարվում են մեկնաբանել Google Ventures-ի կողմից ներդրման հաղորդագրությունները։ «Զարգացման այս փուլում մենք հարցազրույցներ չենք տալիս։ Մենք պարզապես փորձում ենք հզոր թիմ ստեղծել»,- հայտարարել է Recorded Future-ի գործադիր տնօրեն Քրիստոֆեր Ահլբերգը։ Ծառայությունը շարունակում է, ինչպես և առաջ, աշխատել միայն հրավերներով։ Այս մասին գրում է «Կապիտալ» օրաթերթը։










