Հայերը Թուրքիայում 100 տարի առաջ. ցուցահանդես Լոնդոնում

14:28 • 05.05.10

Մայիսի 4-ին Լոնդոնում բացվել է «Հայերը Թուրքիայում 100 տարի առաջ» խորագրով ցուցահանդես, որը կգործի մինչև հուլիսի 24-ը:
Radikal օրաթերթի փոխանցմամբ` Լոնդոնում գտնվող Brunei պատկերասրահում Թուրքիայում գործող «Բիրզամանլար» հրատարակչատան և Լոնդոնի հայկական ինստիտուտի ջանքերով բացված ցուցահանդեսին ներկայացված է Օռլանդո Կալումենոյի՝ Օսմանյան կայսրությունում 1895-1914թթ. ապրած և ստեղծագործած հայ հանրության կյանքը ներկայացնող բացիկների հարուստ և բացառիկ հավաքածուն:

Ցուցահանդեսի բացման արարողությանը ներկա են եղել Միացյալ Թագավորությունում Հայաստանի դեսպան Վահե Գաբրիելյանը, Իլինգի համայնքային խորհդի նախագահ Բարբարա Յերոլեմոուն /Barbara Yerolemou/, հայտնի ջութակահար Լևոն Չիլինգիրյանը, Լոնդոնի հայկական ինստիտուտի տնօրեն Սյուզան Պատին /Susan Pattie/, ցուցահանդեսի կազմակերպիչներից «Բիրզամանլար» հրատարակչատան հիմնադիր տնօրեն, պատմաբան Օսման Քյոքերը, մեծ թվով գործարարներ, մտավորականներ և ուսանողներ:
Բացման արարողությանը Օսման Քյոքերը հույս է հայտնել, որ ցուցահանդեսը կկարողանա որոշակի մերձեցում ապահովել հայերի և թուրքերի միջև:
Հիշեցնենք, որ անցած տարի այս նույն ցուցահանդեսը՝ «Սիրելի եղբայրս. Հայերը Թուրքիայում 100 տարի առաջ» խորագրով, բացվել էր Երևանում` «Մոսկվա» կինոթատրոնում:

Բացիկներից 500-ը թուրք պատմաբան և հրատարակիչ Օսման Քյոքերի ջանքերով առաջին անգամ ցուցադրվել են 2005թ. հունվարին Ստամբուլում, իսկ այնուհետև` Մյունխենում, Փարիզում, Ժնևում, Քյոլնում:
Բացիկները հրատարակվել են անցյալ դարասկզբին Օսմանյան կայսրությունում, հայ և օտարազգի հրատարակիչների կողմից: Օսմանյան պետությունում տարբեր շրջաններում այդ տարիներին ապրող հայերի կյանքը, հայկական եկեղեցիները, դպրոցները, հայերին պատկանող բազմաթիվ գործարաններ, ճաշարաններ, հյուրանոցներ և այլ հաստատություններ ներկայացնող 4000 փոստային բացիկների ու ծրարների հավաքածուն պատկանում է իտալացի Օռլանդո Կալումենոյին, որն ունի հայկական արմատներ: