Orange-ն իր գործունեության 6-ամսյակի առթիվ բաժանորդներին պարգևում է ընդմիշտ անվճար զանգեր

17:12 • 05.05.10

Հայաստանում ծառայությունների մատուցման մեկնարկի 6-ամսյակի առթիվ կազմակերպված ասուլիսին այսօր ամփոփվեցին Orange ընկերության գործունեության արդյունքները և ներկայացվեցին ընկերության նոր առաջարկները «Լավ բաները չեն ավարտվում» կարգախոսի ներքո:

6-ամսյակի կապակցությամբ ընկերությունն այսօր մեկնարկում է տոնական առաջարկ ինտերնետի և ձայնային ծառայությունների բաժանորդների համար:

Orange-ի ձայնային ծառայությունների ինչպես նոր, այնպես էլ հին բաժանորդները կարող են մինչև հունիսի 30-ն ընտրել մեկ Orange համար, և ուղարկելով այդ համարը SMS-հաղորդագրությամբ 2010 կարճ համարին` հավերժ զանգահարել նրան անվճար: Ավելին, առ այսօր Orange-ին միացած բոլոր բաժանորդների քարտերի նախնական վավերականության ժամկետը երկարաձգվում է ուղիղ մեկ տարով` մինչև 2011թ. մայիսի 5-ը, որը հնարավորություն կտա նրանց ազատորեն և առանց որևէ արհեստական սահմանափակումների օգտվել Orange-ի մատուցած բոլոր ծառայություններից: Օրինակ, եթե Orange-ի բաժանորդն ունի որոշակի գումար իր հաշվին, և նրա քարտի նախնական վավերականության ժամկետը մոտենում է ավարտին, կարող է օգտագործել իր հաշվին եղած գումարը առանց հավելյալ լիցքավորման անհրաժեշտության:

Իսկ Orange Ինտերնետին մինչև հունիսի 30-ը միացողները ուղիղ մեկ տարվա ընթացքում ամեն ամիս կստանան գերարագ ինտերնետի հավելյալ 1ԳԲ թրաֆիկ: Ավելին, նրանք կարող են նաև նույն նվերն անել իրենց ընկերներից մեկին, եթե բաժանորդագրվելիս հայտնեն իրենց այն ընկերոջ ինտերնետի համարը, ով խորհուրդ է տվել միանալ Orange Ինտերնետին:

«Մեր պլանները հստակ են: Մենք շարունակելու ենք ընդլայնել 2G և 3G+ տեխնոլոգիաներով համալրված ծածկույթը` օգոստոսի վերջին արդեն մեր ծառայությունները հասանելի դարձնելով բնակչության 93%-ին: Միաժամանակ էլ ավելի ենք հզորացնելու առկա 3G+ ցանցը` մեր ինտերնետի բաժանորդներին ավելի որակյալ և արագ ինտերնետ կապով ապահովելու համար, ինչպես նաև բացելու ենք վաճառքի նոր կետեր` մեր հաճախորդներին ավելի մոտ լինելու համար: Տարեվերջին մենք մոտ 80 խանութ կունենանք»,- ասաց ընկերության գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան: